Փետրվար ամսին Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը հայտարարեց՝ քաղաքացիական հայց է ներկայացրել քաղաքագետ Գագիկ Համբարյանի դեմ։
Պատգամավորը դատարանից խնդրել էր Համբարյանին պարտավորեցնել «Facebook» սոցիալական ցանցում իրեն պատկանող «Gagik Hambaryan» օգտահաշվում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում գործող առնվազն 1000 տպաքանակ ունեցող հայալեզու մամուլում ներողություն խնդրել հրապարակման համար։
MediaHub-ը կապ հաստատեց քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ՝ հասկանալու՝ ի՞նչ նորություն կա գործից։ Մեր զրուցակիցը նշեց՝ դեռ հայցը չի ստացել, դատական նիստի օրվա մասին էլ տեղեկություն չունի։
Այս ընթացքում որևէ կապ չի եղել ՔՊ պատգամավորի հետ։ «Չեմ կարծում, որ փոշմանած կլինի, որովհետև սա համընդհանուր տենդենց է՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող մարդկանց բերանը փակելու, հատկապես ընտրություններից առաջ։ Եթե անկեղծ՝ այս իշխանությունից և նրան ենթարկվող դատական համակարգից ոչ մի լավ բան չեմ սպասում»,- նշեց Համբարյանը։
Հիշեցնենք, որ պատգամավորը Գագիկ Համբարյանից պահանջում է նաև փոխհատուցում 3 միլիոն ՀՀ դրամի չափով՝ որպես պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարը։
Հայցը վարույթ է ընդունվել փետրվարի 23-ին և մակագրվել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանին։
Նշենք, որ Դավոյանի հայցի համար հիմք է հանդիսացել քաղաքագետի այս գրառումը․
«Լուսանկարում պատկերվածը երեկ կրկին թիրախավորել էր եկեղեցին և կաթողիկոսին… Ես սրան գրեթե միշտ վերաբերվում եմ հումորով, բայց….. ԱԼփ, ազզզզզ դու քո, որոշ մտերիմներիդ անցյալները մոռացե՞լ ես, որն, ի դեպ, գաղտնիք էլ չէ և ձեր կողմերում շատերը գիտեն… Կարո՞ղ է հիշեցնեմ մանրամասներով…Հա՞… Գիտեցածիս 10%-ը չէի ասել խառնվել էիր իրար… ԱԼփ, ազզզզ, դու օրինակա՞ն անուսնության շրջանակներում ես զավակ ունեցել ինչպես պետք է անեն իրական քրիստոնյաները… Երեխայիդ հայրը քեզ ի՞նչ է գալիս ամուսի՞ն, սիրեկա՞ն, սերմնահեղուկի դոնո՞ր, կողակի՞ց… Ի՞նչ….Որքան գիտեմ ամուսին չունես… Բայց դա քո գործն է ու քո կյանք է, եթե, իհարկե, քիթդ չես մտցնում այնպիսի հարցերի մեջ, որոնցից ոչ միայն գաղափար չունես, այլև անցածդ կյանքը դա քեզ թույլ չի տալիս… Արփո’, հեռու մնա եկեղեցուց, այ’ անգրագետ, որ ցանկանում էիր Մայր Աթոռից դուրս մարզում գտնվող եկեղեցում տեսնել կաթողիկոսի շորերը ու զբաղվիր քեզ հարազատ ոլորտներով ու մի ստիպի մարդկանց քեզ հիշեցնել քո անցյալը… Դու այն վերջին կերպարներից ես, որ կարող ես խոսել եկեղեցուց»։
Էմմա Մարտիրոսյան

Русский