Գեոմագնիսական անկայուն պայմանները հաճախ ազդեցություն են ունենում եղանակի նկատմամբ զգայուն մարդկանց ինքնազգացողության վրա։ Մասնագետները զգուշացնում են, որ այսօր գրեթե ամբողջ օրվա ընթացքում սպասվում են անկայուն գեոմագնիսական փոթորիկներ՝ վատթարացման միտումով։ Հնարավոր է՝ առաջանան գլխացավեր, ընդհանուր թուլություն, ինչպես նաև արյան ճնշման կտրուկ բարձրացում։
MediaHub-ի հետ զրույցում սրտաբան Տաթևիկ Հովակիմյանը նշում է՝ գեոմագնիսական տատանումների ժամանակ հատկապես զգույշ պետք է լինեն սրտանոթային համակարգի խնդիրներ ունեցող մարդիկ։
«Քրոնիկական սրտանոթային հիվանդություններ ունեցող բոլոր մարդիկ ռիսկի խմբում են։ Նման օրերին նրանց մոտ կարող է ավելի հաճախ լինեն ինքնազգացողության վատթարացում, ճնշման տատանումներ և գլխացավեր»,- ասաց սրտաբանը։
Մասնագետի խոսքով՝ նման օրերին կարևոր է անել որոշակի կանխարգելիչ քայլեր՝ հնարավոր բարդություններից խուսափելու համար։ Նախևառաջ անհրաժեշտ է պարբերաբար չափել արյան ճնշումը և ընդունել անհրաժեշտ դեղորայքը։ «Պետք է ունենալ պատրաստի դեղորայք՝ ճնշումը վերահսկելու համար և օրվա ընթացքում պարբերաբար չափել այն։ Սակայն դեղորայքն առանց բժշկի հետ խորհրդակցելու խորհուրդ չի տրվում օգտագործել»,- նշեց Հովակիմյանը։
Սրտաբանը նաև անդրադարձավ այն հարցին, թե երբ կարելի է հասկանալ, որ առողջական խնդիրը պայմանավորված չէ միայն մագնիսական դաշտի տատանումներով, այլ կարող է ունենալ քրոնիկական բնույթ։ «Եթե ճնշումը պարբերաբար շեղված է նորմայից և ունի կայուն բնույթ, ապա արդեն կարելի է խոսել քրոնիկական խնդրի մասին, և այդ դեպքում անհրաժեշտ է դիմել բժշկի»,- ընդգծեց նա։
Մասնագետները խորհուրդ են տալիս նման օրերին հնարավորինս շատ հանգստանալ, խուսափել ավելորդ ծանրաբեռնվածությունից և, եթե եղանակը թույլ է տալիս, որոշ ժամանակ անցկացնել դրսում։ Այս պարզ քայլերը կարող են օգնել եղանակային պայմաններին զգայուն մարդկանց ավելի հեշտ հաղթահարել գեոմագնիսական տատանումների ազդեցությունը։
Ալիտա Եղիազարյան

Русский