Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երևանում փողոցներ կանվանափոխվեն․ որ փողոցն ում անունը կկրի

Blog Image

Երևանի քաղաքապետարանը վերադառնում է ամառային արձակուրդից, և սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստը։

MediaHub-ն ուսումնասիրել է նիստի օրակարգում ներառված նախագծերը, որոնցից մեկով կրկին որոշվելու է մի շարք փողոցներ անվանափոխել։

Օրինակ՝ նախագծերից մեկում նշվում է, որ Երևան քաղաքի Արաբկիրի 41-րդ փողոցն կանվանափոխվի ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Նորայր Մուշեղյանի անվամբ՝ «Նորայր Մուշեղյան փողոց»»։ Նա 1968 թվականին մարզել է ազատ ըմբշամարտի ԽՍՀՄ օլիմպիական հավաքականը։ 1971-1974 թվականներին եղել է Աֆղանստանի ըմբշամարտի ազգային օլիմպիական թիմի մարզիչ։ Նորայր Մուշեղյանը պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ 1961 թվականին նրա պատվին հիմնադրվել է ըմբշամարտի հանրապետական մարզադպրոցը, որը երկար տարիներ ղեկավարել է։ Նորայր Մուշեղյանին շնորհվել է վաստակավոր մարզչի, ՀՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչումներ, եղել է ԽՍՀՄ-ի և Աֆղանստանի հավաքականների ավագ մարզիչը։ Արժանացել է ԽՍՀՄ «Աշխատանքային կարմիր դրոշի», «Ժողովուրդների բարեկամության» շքանշանների և բազմաթիվ այլ պարգևների։

Նոր անուն կունենա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթ 14-րդ փողոցը (սկսվում է Արշակունյաց պողոտայից՝ Ներքին Շենգավիթի 15-րդ փողոց չհասած ընդհատվում, այնուհետև շարունակվում և հասնում Ներքին Շենգավիթի 6-րդ փողոց)․ այն կանվանակոչվի բանաստեղծուհի, գրաքննադատ, հրապարակախոս Արմենուհի Տիգրանյանի անվամբ` «Արմենուհի Տիգրանյան փողոց»։ Նույն հասցեի նրբանցքները ևս բանաստեղծուհու անունը կկրեն՝ «Արմենուհի Տիգրանյան փողոց, 1-ին նրբանցք» (սկսվում է Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցից՝ հասնում Ներքին Շենգավիթի 13-րդ փողոց), «Արմենուհի Տիգրանյան փողոց, 2-րդ նրբանցքը» (սկսվում է Ներքին Շենգավիթի 14-րդ փողոցից՝ հասնում Ներքին Շենգավիթի 16-րդ փողոց):

Բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի բանաստեղծությունները հրապարակվել են տարբեր պարբերականներում։ 1914թ. Թիֆլիսում Մենուհի գրական կեղծանվամբ լույս են տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն և «Բեշտաուն» լեգենդը։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց որոշ ժամանակ անց մեկնել է Փարիզ։ 1923թ. մեկնել է ԱՄՆ, որտեղ էլ շարունակել է զբաղվել գրական գործունեությամբ։ Նրա աշխատությունների մեծ մասը հրապարակվել է ԱՄՆ-ում լույս տեսնող գրականգեղարվեստական «Հայրենիք» օրաթերթում։ Գրականությունից բացի Արմենուհի Տիգրանյանը զբաղվել է նաև հասարակական աշխատանքով․ մոտ երեսուն տարի շարունակ նա հայոց լեզու և գրականություն է տարածել ամերիկահայ նոր սերդի շրջանում, եղել է ուսուցչուհի Նյու Յորքի, Նյու Ջերսիի, Լոնգ Այլենդի հայկական դպրոցներում։ Ամուսնու հետ միասին կազմել է հայոց լեզվի «Հրազդան» դասագրքերը՝ չորս տարիների դասընթացով, դասագրքերն ունեցել են մի քանի հրատարակություն։

Իսկ հաջորդ անվանափոխվող փողոցը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյան 4-րդ փողոցն է՝ նրբանցքներով, որը կանվանափոխվի հայ արվեստագետ և գեղանկարիչ Կարեն Սմբատյանի անվամբ՝ «Կարեն Սմբատյան փողոց» (սկսվում է Սեբաստիայի փողոցից, հասնում՝ Առնո Բաբաջանյան փողոց), «Կարեն Սմբատյան փողոց, 1-ին նրբանցք» (սկսվում է հ.33 և հ.35 շենքերի մոտից, հասնում՝ Եռաբլրի ստորոտ), «Կարեն Սմբատյան փողոց, 2-րդ նրբանցք» (սկսվում է հ.57 և հ.01-007-0436-0033 կադաստրային ծածկագրով գույքերից, հասնում՝ Եռաբլրի ստորոտ), «Կարեն Սմբատյան փողոց, 3-րդ նրբանցք» (զուգահեռ է 2-րդ նրբանցքին):

Հայ գեղանկարիչ Կարեն Վահանի Սմբատյանը համարվում է ժամանակակից հայկական կերպարվեստի ինքնատիպ ներկայացուցիչներից մեկը։ Իր ստեղծագործություններում նա հանդես է եկել որպես դիմանկարի, բնանկարի, նատյուրմորտի, թեմատիկ և խորհրդանշական կոմպոզիցիաների հեղինակ։ Նրա գեղարվեստական մտածողությունն առանձնանում էր գունային համարձակ լուծումներով, պարզեցված ձևերով և ազգային խորհրդանիշների ինքնատիպ մեկնաբանությամբ, ինչի համար արվեստասերները նրան անվանել են «Գույների ասպետ»։

Նրա ստեղծագործական ժառանգության մեջ առանձնանում են «Ինքնանկար» (1972), «Զորախաղ» (1977-1978), «Զարթնիր, լաո» (1982), «Աղբյուր Սերոբ» (1985), «Տեղատվություն» (1996), «Գագիկ Գինոսյանի դիմանկարը» (2004), «Գեղեցկուհի Ասպազիա» (2005), «Աշնան արև» (2005) և «Միջօրե» (2005) կտավները, որոնք վկայում են հեղինակի ստեղծագործական բազմազանության, ազգային մտածողության և գեղարվեստական բարձր վարպետության մասին։

Մարիաննա Արամյան

Send