Ժամանակակից աշխարհը դարձել է «անկառավարելի», հին միջազգային կանոնները նահանջել են, և երկրների միջև համագործակցությունը թուլացել է, Փարիզում ավելի քան 150 դեսպանների առջև իր ամենամյա ելույթում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, գրել է «Le Monde»-ը։
Նրա խոսքով՝ համագործակցությանը փոխարինել են մեծ տերությունների «աշխարհը միմյանց միջև բաժանելու» փորձերը։
Մակրոնը շեշտել է, որ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը և Չինաստանը «աստիճանաբար մեջք են շրջել իրենց որոշ դաշնակիցներից և ազատվել են այն միջազգային կանոններից, որոնք իրենք էին վերջերս առաջ մղել»։
«Ամեն օր մարդիկ մտածում են, թե արդյոք Գրենլանդիան ներխուժման ենթարկվի, արդյոք Կանադան 51-րդ նահանգ դառնալու վտանգի տակ է կամ նման մի բան, և արդյոք Թայվանը ավելի ուժգին կշրջափակվի», - նշել է Ֆրանսիայի նախագահը։
Ֆրանսիայի առաջնորդն ընդգծել է ԱՄՆ-ի հետ համագործակցության և երկխոսության անհրաժեշտությունը։
Մակրոնը նշել է Չինաստանի «ավելի ու ավելի անզուսպ առևտրային ագրեսիվությունը», Ռուսաստանն անվանել է «անկայունացնող ուժ»։

Русский