«Հրապարակ» թերթը գրում է․ «Նոյեմբերի 4-ի հայտնի դեպքերից եւ Սամվել Կարապետյանի ձերբակալությունից հետո՝ կեսգիշերին մոտ մի խումբ ընդդիմադիրների հավաքը, ինչպես ասվեց, նախապես է պլանավորված եղել։ Այն պետք է վարեր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Իրենք` «ուժեղները» կարծում են, որ իշխանությունն այդ հավաքը տապալելու համար այդ օրը ձերբակալեց Կարապետյանին: Նարեկ Կարապետյանն էլ գիշերը հայտարարեց, որ կարեւոր իրադարձություն է սպասվում` խոսքը Սամվել Կարապետյանի տանը մեկ տասնյակ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների հավաքի մասին էր, որին հաջորդեց քաղաքական ուժերի հայտարարությունը։ Հավաքին մասնակցում էին «Հայաստան» եւ «Ուժեղ Հայաստան» դաշինքների, «Հայաքվեի», «Ապրելու երկրի», ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության», «Դեմոկրատական այլընտրանքի», «Նոր դարաշրջանի», «Միավորված հայերի» եւ «Միասին» շարժման ներկայացուցիչները, որոնք հայտարարեցին, որ, գիտակցելով հայ ժողովրդի եւ հայոց պետականության առջեւ ծառացած ճակատագրական մարտահրավերների լրջությունը, չնայած ունեն մոտեցումների տարբերություններ եւ տարակարծություններ մի շարք հարցերում, սակայն հայտարարում են համազգային համախմբման ձեւավորման մասին՝ նշելով առաջնային նպատակները․ «Ալիեւյան սահմանադրության պարտադրանքի մերժում, Խաղաղություն՝ առանց միակողմանի զիջումների եւ տարածքային կորուստների, Ազգային ինքնության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու պաշտպանություն, Ժողովրդավարական ազատությունների եւ իրավունքների վերականգնում»։
Քաղաքական ուժերը պատրաստ են միավորել իրենց ջանքերը՝ ազգային խնդիրների շուրջ հանրային միասնության մթնոլորտ ձեւավորելու եւ երկրի առաջ ծառացած մարտահրավերներին դիմագրավելու նպատակով։ Ինչպես նաեւ՝ այլ ուժերին, հանրային եւ հասարակական գործիչներին կոչ են անում միանալ ազգային համախմբման այս ֆորմատին։
Մենք տեղեկացանք, որ հավաքը տեւել է ավելի քան 2 ժամ, թեպետ հրավիրյալ ուժերին նախապես ներկայացվել են հանդիպման օրակարգը եւ նպատակը, սակայն ներկաները մանրակրկիտ քննարկել են, որ հայտարարության ձեւակերպումների հարցում ունենան լիարժեք կոնսենսուս։ Պարզեցինք նաեւ, թե հայտարարությունից դուրս ինչ են քննարկել այդ հավաքին։ Բոլոր ուժերի համատեղ դիրքորոշումը եղել է այն, որ հարկավոր է բեկում մտցնել սահմանադրական փոփոխությունների գործընթացում եւ թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ իրավական գործիքակազմի միջոցով հասնել ալիեւյան սահմանադրության ընդունմանը։ Այդ նպատակով մի քանի խնդիր են նախանշել` որպես առաջիկա անելիքներ. առաջինը` թույլ չտալ, որ Նիկոլ Փաշինյանը ռեպրեսիվ միջոցներով հաջողի «մարդագողությամբ» հասնել սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունմանը խորհրդարանում:
Հայտնի է, որ ՔՊ-ն չունի սահմանադրական մեծամասնություն, եւ 7 ձայն ընդդիմությունը պետք է տա, որպեսզի սահմանադրության նախագիծը հանրաքվեի դրվի։ Ենթադրվում է, որ առաջիկայում քարոզչական տեռոր է սկսվելու ընդդիմադիրների նկատմամբ` այն կտրվածքով, որ ընդդիմությունը դեմ է մեր պետականության պահպանությանը, երկիրը տանում է պատերազմի: Նախանշվել է, որ ընդդիմության խնդիրը պետք է լինի՝ համատեղ ճակատով հակազդել այս գործողություններին ու այս քարոզչությանը։
Երկրորդ խնդիրը՝ ապահովել հանրային մեծ ճնշում, որպեսզի Նիկոլ Փաշինյանը չկարողանա կրկնել 2018-ի հոկտեմբերի 2-ը եւ շրջափակել Ազգային ժողովը՝ այդ ճանապարհով ճնշելով պատգամավորներին: Եվ երրորդ խնդիրը՝ եթե, այնուամենայնիվ, հարցը հասնի հանրաքվեին, ապա համախմբված ընդդիմությունը պետք է պայքարի ընտրակեղծիքների դեմ՝ թույլ չտալով իշխանությանը հանրաքվեի ընթացքում գնալ խախտումների, ինչպես արեց 2026 թվականի համապետական ընտրությունների ժամանակ։
Պայմանավորվածություն են ձեռք բերել՝ հետագայում եւս առաջնահերթություն ունեցող հարցերի շուրջ համատեղ դիրքորոշում հայտնել»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Русский