«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության շուրջ իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված, իսկ իշխանական շրջանակներում սպասված զարգացումները կարծես թե այլ հունով են ընթանում։
Բանն այն է, որ նախորդ ընտրությունների ժամանակ ՍԴ նախագահի պաշտոնի համար առաջադրված Վլադիմիր Վարդանյանն ու ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը չկարողացան անհրաժեշտ ձայներ հավաքել, և Սահմանադրական դատարանը մնաց առանց նախագահի։
Մեր իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ այս պահին ՍԴ-ում իրավիճակն այնքան է փոխվել, որ Էդգար Շաթիրյանի առաջադրման դեպքում հենց նա կարող է ստանձնել Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը։ Ըստ մեր տեղեկությունների՝ դատավորների շրջանում Շաթիրյանի օգտին կոնսենսուս է ձևավորվել, և այս անգամ ընտրությունը կարող է ավարտվել նրա հաղթանակով:
Սակայն ՍԴ-ում իրավիճակը բավականին գերլարված է։ Բանն այն է, որ իշխանությունները նախապես ակնկալել են, որ Վլադիմիր Վարդանյանը, որը Ազգային ժողովից տեղափոխվել էր Սահմանադրական դատարան, ի վերջո կդառնա իշխանության նախընտրած թեկնածուն՝ ՍԴ նախագահը։ Ըստ էության, նրա տեղափոխությունը խորհրդարանից ՍԴ դիտարկվել է որպես իշխանության կողմից որոշակի քաղաքական հաշվարկի մաս։
Սակայն, մեր բացառիկ տեղեկություններով, ՍԴ-ում խաղաթղթերը լիովին խառնվել են իրար։ Էդգար Շաթիրյանի՝ վերջին տարիների աշխատանքը դատարանում, կարծես թե, նրան թույլ է տվել ամրապնդել դիրքերը և ստանալ դատավորների ավելի մեծ աջակցությունը։
Հատկանշական է, որ այս պահին Նիկոլ Փաշինյանից որևէ հստակ ազդակ չկա, թե ՍԴ նախագահի պաշտոնում պետք է ընտրվի Վլադիմիր Վարդանյանը։ Եվ հենց այս անորոշությունն է ավելի սրում իրավիճակը։
Այսպիսով, այսօր Սահմանադրական դատարանում սպասվող ընտրությունը կարող է վերածվել իշխանության ակնկալիքների և դատավորների իրական ընտրության բախման։ Եթե Էդգար Շաթիրյանը կրկին առաջադրվի, ապա, ըստ մեր աղբյուրների, նա ունի ՍԴ նախագահ դառնալու լուրջ հնարավորություն»։
«Հրապարակ» թերթը գրում է. «Կապանում երրորդ անգամ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու հայտ ներկայացրած ընդդիմադիր Գեւորգ Փարսյանի դեմ իշխանությունները կատաղի պայքար են սկսել` փորփրում են Փարսյանի կենսագրությունը, գործունեության մեջ փորձում թերություններ պեղել, «մատնիչներ» գտնել, որոնք Փարսյանի դեմ հաղորդում կտան։
Մեզ ասացին, որ այդ գործընթացին ակտիվորեն ներգրավված է ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը, որ հատկապես փորփրում է Կապանի համայնքապետարանի գնումների գործընթացը, փորձում է գտնել մարդիկ, որոնք դժգոհ են կամ ինչ-որ բողոքներ ունեն։
Շաբաթներ առաջ գրել էինք, որ ՔՊ-ն ուզում է Փարսյանի դեմ կեղծ ընդդիմադիր թեկնածու մտցնել խաղի մեջ, որ ՔՊ-ի հիմնական թեկնածու Նարեկ Բաբայանի հետ գոնե հետընտրական կոալիցիայով իշխանությունը Կապանում վերցնելու շանս ունենան, սակայն դա չհաջողեց, հիմա այլ կեղտոտ օպերացիաներ են ծրագրում։
Չի բացառվում, որ Մամիկոն Ասլանյանի կամ Վարդան Ղուկասյանի փորձը կիրառեն Կապանում:

Русский