Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ԱՄԷ-ն և Իրանը նորից անդրադարձել են Մեծ Թունբ, Փոքր Թունբ և Աբու Մուսա կղզիների հարցին

Blog Image

ՄԱԿ-ում ԱՄԷ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ Պարսից ծոցում Մեծ Թունբ, Փոքր Թունբ և Աբու Մուսա կղզիները Միացյալ Արաբական Էմիրությունների մաս են կազմում և իրանական օկուպացիայի տակ են։

«Մենք կտրականապես մերժում ենք երեք կղզիների նկատմամբ իրանական շարունակվող օկուպացիան», - հայտարարել է դիվանագետը։

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչության դիվանագետ Նասեր Ասադին ասել է, որ կղզիների նկատմամբ Թեհրանի սուվերենությունն անվիճելի է և բանակցությունների ենթակա չէ։ 

«Աբու Մուսա, Մեծ Թունբ և Փոքր Թունբ կղզիները միշտ եղել են, մնում են և կշարունակեն մնալ իրանական տարածքի անբաժանելի մասը, և դրանց նկատմամբ մեր ինքնիշխանությունը քննարկման ենթակա չէ», - ընդգծել է իրանցի դիվանագետը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ելույթ ունենալիս և արձագանքելով Արաբական Միացյալ Էմիրությունների ներկայացուցչի հնչեցրած պնդումներին։

Նասեր Ասադին նաև նշել է, որ «Պարսից ծոց»-ը Իրանի և Արաբական թերակղզու միջև ընկած ջրային տարածքի միակ պատմականորեն ճշգրիտ աշխարհագրական անվանումն է։

Իրանը վերահսկողություն է հաստատել Աբու Մուսայի, Մեծ Թունբի և Փոքր Թունբի նկատմամբ 1971 թվականի նոյեմբերի 30-ին՝ այդ տարածքներից բրիտանական ուժերի դուրսբերումից կարճ ժամանակ անց. այդ տարածքները Հորմուզի նեղուցի մոտ են, Պարսից և Օմանի ծոցերի միջև։

Թեհրանը հայտարարել էր կղզիների նկատմամբ իր սուվերենության մասին։ Մինչդեռ Ռաս ալ-Խայմա էմիրությունը հավակնություններ էր ներկայացրել Մեծ և Փոքր Թունբերի, իսկ Շարժա էմիրությունը՝ Աբու Մուսայի նկատմամբ։

1971 թվականին Իրանը վերահսկողություն էր հաստատել կղզիների նկատմամբ, Շարժան և Ռաս ալ-Խայման միացան Միացյալ Արաբական Էմիրություններին՝ համապատասխանաբար 1971 թվականի դեկտեմբերի 2-ին և 1972 թվականի փետրվարի 10-ին։ Արդյունքում՝ Իրանի հետ տարածքային վեճը փոխանցվել էր ԱՄԷ-ին։

Կղզիները շարունակում են վեճի առարկա մնալ երկու երկրների միջև։ Իրանը պահպանում է վերահսկողությունը դրանց նկատմամբ, մինչդեռ ԱՄԷ-ն ձգտում է խնդրի լուծմանը դիվանագիտական ​​ճանապարհով, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների միջոցով։

Send