Մոտ մեկ ամիս է, ինչ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներկուսակցական քարոզարշավի անվան ներքո նախընտրական քարոզարշավ է իրականացնում՝ այցելելով մարզեր ու համայնքներ։ Այդ այցերը հաճախ ուղեկցվում են հանդիպումներով, որտեղ որոշ քաղաքացիներ ջերմ, որոշներն էլ բավականին կոշտ ընդունելություն են ցուցաբերում «ուրախ ավտոբուս»-ով շրջող թիմին։
Այցերից հետո իշխանական թիմի ներկայացուցիչները շտապում են հանրային գնահատականներ հնչեցնել՝ հենվելով տեղում եղած մի քանի դրական արձագանքի վրա։ Այդ ֆոնին հնչում են բավականին ինքնավստահ, երբեմն էլ՝ չափազանցված գնահատականներ սպասվող ընտրությունների արդյունքների վերաբերյալ։
Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած այցի ժամանակ հայտարարեց՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքում սպասվում է «Հեղափոխություն 3», իսկ իրենց նշաձողը 65 տոկոս է։
Երեկ՝ կառավարության նիստից հետո էլ արդեն լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը նմանատիպ հայտարարություն արեց, նույնիսկ ավելի հեռուն գնաց՝ պնդելով, թե լրագրողների իննսուն տոկոսն իրեն է ընտրելու։
Սակայն այս հայտարարությունները հակասում են մի շարք հրապարակային տվյալներին։ Տարբեր հարթակներում անցկացված հարցումները, ինչպես նաև սոցիալական ցանցերում արձանագրվող տրամադրությունները, ցույց են տալիս, որ իշխանության վարկանիշն առնվազն հուսադրող չէ։
Մեր կողմից արված լրագրողական հարցումները ևս վկայում են, որ ընտրական դաշտում մրցակցությունը պահպանվում է, իսկ ընտրողների վերաբերմունքը՝ փոփոխական է։ Իշխանությանը սատարող յուրաքանչյուր քաղաքացու կողքին կա ՔՊ-ից հիասթափված երեքից չորս հոգի։
Եվ այսպես, հարց է առաջանում՝ արդյո՞ք տեղային ընդունելությունն ու կազմակերպված հանդիպումները կարող են վստահելի ցուցիչ լինել համապետական ընտրությունների արդյունքների համար, թե՞ դրանք պարզապես քաղաքական շոուի մի մասն են։

Русский