Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ

Մենք անասո՞ւն ենք, ինչ ենք․ Էրեբունու բնակիչները «լողում» են կոյուղաջրերում

«Մեր շենքը տիտանիկն է»,- կատակում է Խաղաղ Դոնի 19 շենքի բնակիչներից մեկը, որը տան պատուհանից հետևում էր իրենց բակում MediaHub-ի նկարահանման աշխատանքներին։ 

Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ դոնի 19, 31 շենքերի բնակիչները տևական ժամանակ է՝ ստիպված են ապրել խողովակներից, դիտահորերից դուրս հորդող կոյուղաջրերի հարևանությամբ, շնչել գարշահոտը, ցատկելով  հաղթահարել կույուղաջրերից գոյացած գետակները, լճակները, որպեսզի հետո պատահմամբ որևէ հիվանդածին մանրէ ոտքի հետ տուն չտանեն։ Խնդիրը վաղուց կա ու դեռ անլուծելի է։ Բնակիչներն ասում են, թե դիմել են բոլոր պատկան կառույցներին, ահազանգել, ներկայացրել իրավիճակը, հրավիրել իրենց մոտ խնդիրը տեղում արձանագրելու համար, մասնագետները, թաղապետարանի, քաղաքապետարանի ներկայացուցիչները, անգամ պաշտոնյաներ են եկել, համոզվել, որ իսկապես վիճակն անտանելի է, հեռացել են խնդիրը լուծելու խոստումով, սակայն կոյուղաջրերը չեն դադարել հունից դուրս գալ և հոսել իրենց համար չնախատեսված վայրերով։ Բազմաբնակարան շենքերի նկուղները, որոնք ի դեպ նախատեսված են ծառայելու նաև որպես ռմբապաստարաններ, գազապաստարաններ, կիսով չափ կամ մասամբ կոյուղաջրերի համար են ապաստարան դարձել, այնդտեղ մտնել հնարավոր չէ, անգամ մի քանի մետր հեռավորության վրա սարսափելի գարշահոտը ստիպում է փախչել։ 

Ո՞ւմ տիրույթում է խնդիրը, ո՞վ, ո՞ր կառույցը պետք է բնակիչների ահազանգերի հետքերով գնա։ Հասցեատերերից մեկը Վեոլիա ջուր ընկերությունն է, որի լրատվական բաժնից էլ փորձեցինք պարզաբանում ստանալ, թե ինչու են հիշյալ շենքերի բնակիչները ստիպված պարբերաբար առնչվում այդ խնդրին։ Ընկերության հանրային կապերի մասնագետ Կարինե Կարապետյանը որոշակի ճշտումներից հետո ասաց, որ երկու հասցեներից էլ ավելի վաղ ահազանգ են ստացել, տեղամասային մասնագետները մոտեցել են, պարզվել է կոյուղատարները, դիտահորերը խցանված են։ Այդ պահին խցանումը բացել են։ Սակայն նա հայտնեց, որ այսօր նորից ահազանգ ունեն, թեև բնակիչները մեզ հետ զրույցում հավաստիացնում էին, որ ամեն օր են ահազանգում և առկա վիճակը տևական ժամանակ է։ 

«Նորից ահազանգ ունենք այսօր տեղամասային բաժնում, որ նորից խցանվել են կոյուղատարները, այսօր նորից մոտենալու են երկու հասցեներին էլ»,- նշեց Կարապետյանը։

Հետաքրքրվեցինք, թե ինչու են պարբերաբար խցանումներ լինում նույն հասցեներում, գուցե պատճառը վերացնելու փոխարեն այդրոպեական լուծում են տալիս ընկերության մասնագետները։ Խաղաղ Դոնի 19 շենքի բնակիչներից մեկը մեզ բացատրեց, որ, ճիշտ է, Վեոլիա ջուր ընկերությունը աշխատանքներ իրականացրել է շենքի կոյուղատար խողովակի վրա, մի հատված անգամ փոխել են, սակայն կարճ ժամանակ հետո նորից խողովակը խցանվել է, քանի որ մեծ տարողունակությամբ խողովակը կցել են ավելի փոքր տարողունակությամբ խողովակի, որը մեծ խողովակի պարունակությունը չկարողանալով փոխանցել՝ խցանվում է։ Ընկերության ներկայացուցիչը սակայն հայտնեց, թե բնակիչներն իրենք են խցանում դիտահորերը՝ դրանցում տարատեսակ կենցաղային աղբ լցնելով։

«Պատճառը բնակիչների ոչ ճիշտ օգտագործումից է լինում սովորաբար, երբ կոյուղուց տարբեր տեսակի իրեր ենք հանում։ Եթե հետևեք մեր էջին՝ Վեոլիայի, հենց Էրեբունի-Շենգավիթի հետ կապված տեսանյութ էինք դրել, որում ցույց ենք տալիս, թե ինչեր ենք հանում՝ գնդակից մինչև ամեն տեսակի աղբ։ Այնպես չէ, որ այդ խնդիրը մի շենքում կա, կողքի շենքում չկա։ Կախված է նրանից, թե կոյուղին ինչ վիճակում է, ինչպես են օգտագործում կոյուղին, խնդիրն առաջանում է։ Խցանումն առաջանում է ոչ ճիշտ օգտագործումից։ Դիտահորերի մեջ տարբեր առարկաներ են հայտնվում, դրանից էլ խցանվում է»,- նկատեց Կարապետյանը։ 

Միայն բնակիչներին դիտահորերը խցանելու մեջ մեղադրելով և ժամանակ առ ժամանակ կոյուղատարների խցանումները բացելով հնարավոր չէ հիմնովին պայքարել առկա խնդրի դեմ:

Մանրամասները՝ տեսանյութում։

Send