FlyDubai-ի չվերթի ժամանակ միմյանց հետ վիճաբանած օդաչուները Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացիներ են եղել, գրել է N12 հեռուստաալիքը։
Սաուդյան Արաբիայում ինքնաթիռի վայրէջքից հետո ուղևորներին հրահանգվել է մնալ իրենց տեղերում և դուրս չգալ։ Բացառություն է արվել օդաչուների համար, որոնց հարկադրաբար դուրս են բերել օդանավից։
FlyDubai ընկերության գլխավոր տնօրենը տեղեկացրել է Իսրայելի տրանսպորտային ոլորտի պատկան մարմիններին, որ Դուբայից Սաուդյան Արաբիա շուտով կուղարկվի փոխարինող ինքնաթիռ, որն այնուհետև կշարունակի ուղևորությունը դեպի Իսրայել։
Ըստ հեռուստաալիքի՝ ուկրաինացի օդաչուն խցիկում կատարել է երկրորդ օդաչուի պարտականությունները։
Ըստ որոշ տվյալների՝ օդաչուներից մեկը փորձել է դանակահարել մյուսին վեճի ընթացքում։ Իսրայելցի ուղևորները միջամտել են միջադեպին ու վնասազերծել հարձակվողին և վերահսկողության տակ առել իրավիճակը։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ օդաչուներից մեկը մտադիր է եղել ինքնասպանություն գործել, իսկ մյուսը փորձել է կանխել նրան։ Ուղևորներից մեկը պատմել է. «Պահեր կային, երբ կարծում էինք, թե ողջ չենք մնա»։
Իսրայելի ոստիկանությունը հատուկ աշխատանքային խումբ է ստեղծել։

Русский