Փաշինյանն ընտրություններին ընդառաջ թոշակառուների հոծ բանակին խոստացավ, որ ի հավելումն հետվճարի համակարգի՝ ապրիլի 1-ից լրացուցիչ կավելացնի թոշակները ևս 10 000 դրամով։ Այսօր
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ դա կարող է գնաճի համար գործոն լինել և հանգեցնել «0.2 տոկոսի կարգի գնաճի»։
Ստացվում է, որ ՀՀ սովորական քաղաքացիներս ստիպված կլինենք մեր գրպանից վճարել ավելացած թոշակները՝ ավելի թանկ գնով ապրանքներ ու մթերք ձեռք բերելով։ Այդպիսով մենք վճարելու ենք Փաշինյանի նախընտրական կաշառքը՝ թոշակառուներին մանիպուլացնելով ու շահագրգռելով, որպեսզի ընտրեն իրենց մասին այդքան հոգ տանող իշխանություններին։
Ինչպես նախապես զգուշացնում էին տնտեսագետները՝ Փաշինյանի՝ թոշակներ բարձրացնելու նախընտրական քայլը բոլորիս կենսամակարդակի վրա է ազդելու բացասական իմաստով, ինչն այսօր հաստատեց նաև ԿԲ նախագահը։
Տնտեսագետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը MediaHub-ի հետ զրույցում հաստատեց մեր մտավախությունները՝ ասելով, որ գնաճն օբյեկտիվ հիմքեր ունի․ «Սոցիալական տրանսֆերների կամ դրամական փոխանցումների պետական ավելացումը որոշակի գնաճային ճնշումներ պետք է ունենա։ Բայց այդ 0,2 տոկոսային կետով ավելացումը վերաբերում է ընդհանուր գնաճին։ Իմ մտահոգությունն այն է, որ շատ ավելի բարձր գնաճ կարձանագրվի առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում, որովհետև թոշակառուներն իրենց թոշակը նախ ուղղում են առաջին անհրաժեշտության ապրանքների ձեռք բերմանը։ Այդ ապրանքների շուկայում է պահանջարկը ավելանալու և գնաճային ճնշումն այդտեղ է լինելու, ինչը սոցիակալան հետևանքի առումով շատ ավելի կարևոր է»։
Թադևոս Ավետիսյանն ասաց, որ թոշակների անընդհատ ծեծվող թեմայի համար իրենք որպես լուծում առաջարկել են և բազմիցս ԱԺ-ին են ներկայացրել թոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի ինդեքսավորման առաջարկներ, որոնք մերժել է օրվա իշխանությունը։ Այսինքն՝ առնվազն գրանցվող գնաճի չափով դրանք ևս պետք է աճեն։ Բայց իշխանությունը թոշակառուների, նպաստառուների մասին մտահոգվում է միայն ընտրություններից առաջ, երբ նրանց սիրաշահելու անհրաժեշտություն ունի։ Եվ ստացվում է, որ այս գնաճային ճնշումը, որը կանխատեսում է ԿԲ-ն, նաև այն բանի հետևանք է, որ հինգ տարվա ընթացքում պարբերաբար ու սահուն կերպով թոշակները բարձրացնելու փոխարեն միանգամից շեշտակի բարձրացրեցին նախընտրական փուլում զուտ իրենց քաղաքական նպատակներով։
«Մի բան է, երբ հինգ տարվա մեջ բարձրացնում ես սոցիալական ուղղվածության վճարները նվազ քանակով, այլ բան, երբ միանգամից և կտրուկ ավելացնոմ ես և գնաճային ողջ ճնշումը միանգամից է լինում։ ԿԲ-ն լուրջ անելիք ունի և պետք է կարողանա իր ձեռքի տակ եղած գործիքակազմով հակազդել գնաճային ճնշումներին, հակառակ դեպքում կստացվի, որ սոցիալապես անապահով քաղաքացիները, բացի թոշակառուներից, կունենան նաև լրացուցիչ դժվարություններ։ Առանց այն էլ նրանց եկամուտները չեն բավարարում նվազագույն ծախսերի համար։ Գնաճի դեպքում կունենանք կյանքի որակի նվազում»,- նշեց մեր զրուցակիցը:
Տնտեսագետն ասում է, որ իշխանությունների առատաձեռնության թիրախում հատկապես կհայտնվեն այն ընտանիքները, որտեղ թոշակառուներ չկան, և այդ եկամուտների բարձրացումը նրանց չի վերաբերելու, իսկ իրենք էլ ապրուսի քիչ եկամուտ ունեն։
«Հատկապես կարևորում եմ աշխատող աղքատներին, նվազագույն աշխատավարձ ստացող մեր աղքատ քաղաքացիներին, որոնք արդեն աղքատ են, նրանց նվազագույն աշխատավարձը չի աճում, իսկ անխուսափելի գնաճը հանգեցնելու է նրանց և նրանց ընտանիքների կյանքի որակի կտրուկ իջեցմանը»,- ամփոփեց խոսքը Թադևոս Ավետիսյանը:
Թագուհի Ասլանյան

Русский