Երևանի քաղաքապետարանը վերադառնում է ամառային արձակուրդից, և սեպտեմբերի 8-ին՝ ժամը 10:00-ին, կգումարվի Երևան քաղաքի ավագանու 7-րդ նստաշրջանի 1-ին նիստը։
MediaHub-ն ուսումնասիրել է նիստի օրակարգում ներառված նախագծերը․ դրանցից մեկում նշվում է, որ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցի հ.40 հասցեի և Երևանի հ.8 մանկապարտեզի հարակից պուրակը կանվանակոչվի դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հրաչուհի Ջինանյանի անվամբ՝ «Հրաչուհի Ջինանյան պուրակ»:
Դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ջինանյանն արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների, պարգևատրվել պետական պարգևներով։ 1977 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչմանը։ 1984 թվականին ստացել է բեմական խոսքի ամբիոնի պրոֆեսորի կոչում։ 2001 թվականին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։ 2003 թվականին արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը։ Ջինանյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ասմունքի ժանրը։
Մյուս նախագծում նշվում է, որ համաձայնություն կտրվի պայքարի և համերաշխության խորհրդանիշ, բուլղարացի ազգային հերոս Վասիլ Լևսկու հուշարձանի տեղադրմանը Երևան քաղաքի Վահագն Դավթյանի անվան զբոսայգում՝ համաձայն հավելվածի:
Վասիլ Իվանով Կունչևը հայտնի է որպես «ազատության առաքյալ», քանի որ մշակել և իրագործել է օսմանյան լծից հայրենի երկիրն ազատագրելու նպատակով համաժողովրդական հեղափոխական շարժում ծավալելու և ապստամբություն կազմակերպելու գաղափարախոսությունն ու մարտավարությունը, երկրով մեկ ստեղծել է հեղափոխական գաղտնի կոմիտեների լայն ցանց ու հեղափոխական կազմակերպություններ։ Գործել է հիսունից ավելի կեղծանուններով, ներկայացել է նաև իբրև հայ՝ Հովհաննես անունով։ Վասիլ Լևսկուն ձերբակալել են 1873 թվականին Սոֆիայում, որտեղ Օսմանյան իշխանությունները նրան կախաղան են բարձրացրել։ Վասիլ Լևսկին իր կյանքը նվիրաբերել է հանուն ազատ Բուլղարիայի։ Բուլղարիայում և բալկանյան այլ երկրներում կանգնեցված են Վասիլ Լևսկու բազմաթիվ հուշարձաններ, նրա անունով են կոչվել բազում փողոցներ, հրապարակներ, հիմնարկ-ձեռնարկություններ ու կազմակերպություններ։ Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի Բուլղարիայի հետ բարեկամական հարաբերությունների և սերտ համագործակցության շարունակական զարգացումը դիվանագիտական, տնտեսական, մշակութային ոլորտներում, ինչի վկայությունը երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրն է: Տեղադրման համար ընտրվել է Վահագն Դավթյանի անվան զբոսայգին՝ որպես հանգիստ, հանրամատչելի և մշակութային բովանդակությամբ հագեցած տարածք, ինչը լավագույնս համապատասխանում է հուշարձանի խորհրդին։
Մարիաննա Արամյան

Русский