Այսօր կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը ոչ միայն գովաբանական ճառերով հանդես եկավ` ներկայացնելով պետական բյուջեի չափազանցված ծավալները, թե հեղափոխությունից հետո 50 տոկոսով պետական բյուջեն լցվել է: Իսկ թե իր ասած թվերը ինչի՞ վրա է ծախսվել, դրա մասին, եթե խոսելու լինի, կրկին չափազանցված ու ոչ հիմնավոր արդարացումներ կբերի, կհորինի, որ ականջ ծակի։
Ասֆալտը կա ու կա, իսկ օրինակ «Ակադեմիական քաղաք» հիմնելը զուտ հայտարարության տեսքով մնում է ապագայի փեշերից կախված։
Փաշինյանին հետաքրքիր չի, որ ժողովրդին ներկայացնի պետության ծախսերը, միակ բանը, որ ընտրությունների շեմին ոգեւորելու եւ թեժացնելու է, այն է, որ «խաղաղություն» է Հայաստանում, պատերազմ չկա, իսկ իրեն ընտրելու դեպքում պատմական իրադարձություն է տեղի ունենալու, ապրելու ենք անվտանգ ու ապահով երկրում։ Թեւ արդեն սկսել է քարոզարշավը «խաղաղության» անվան տակ։
Իհարկե ամենը սուտ է, սուտ է նաեւ այն խաղաղությունը, որ թմբկահարում է իբր ինքն է բերել խաղաղություն, որով ՀՀ-ում կարող է օրինակ բանակ զորակոչվածը այլեւս մեկ ու կես տարի ծառայի, իսկ թե ինչու՞ է Ադրբեջանը ամեն օր զինվում ու ամեն անգամ զորավարժություններ իրականացնում, իսկ Հայաստանը՝ համարում Արեւմտյան Ադրբեջան, դրա մասին խոսք չկա։
Փաշինյանի «խաղաղությունը» ոչ միայն Հայաստանի հաշվին է, այլ Հայաստան չլինելու մասին․ ինչպես նաեւ Արցախը։ Արցախում էլ այժմ խաղաղ է։ Իսկ Արցախում հայ չի ապրում։
Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ եւս մեկ անգամ թոշակառուներին «լավ» նորություն հայտնեց, որ հույսներդ կտրեք արժանապատիվ թոշակից. «Որ թոշակը քսան հազարով էլ բարձրացնենք, միեւնույն ա՝ խնդիրները չեն պակասելու, էլ ինչի՞ բարձրացնենք, ասեք, հասկանամ»։ Այնպես որ այս մարդը համարում է, որ թոշակառուներին տրված կոպեկները, որ չի բավականացնում անգամ այդ մարդկանց կոմունալ վճարումները, բավարար է, դեռ մի բան էլ ավել։
Ուշագրավ է, որ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին հրահրում է, ու ներկայացնում ո՛չ թե իրեն հեռացնելու ճանապարհային քարտեզը, ինչպես որ մի ժամանակ անընդհատ կրկնում էր, այլ «հեղափոխության» անվան տակ մարդկանց դրդում է անհնազանդության այնպիսի քայլերի, որը հեղափոխության անվան տակ կարող է նրանց անազատության մեջ պահել, որպեսզի այն անվանի բողոքի գործողություններ, անկարգություններ, ահաբեկչություն ու նոր քաղբանտարկյալներով սիրտը փառավորի։
Ինչ է ասում Փաշինյանը. «Հայաստանի քաղաքացին, որ պահին ուզենա՝ կարող է հեղափոխություն անել. եթե քաղաքացին ուզենա հեղափոխություն անել՝ պարզապես չկա այդպիսի ուժ, որ կարողանա կասեցնել այդ հեղափոխությունը»։
Մարդիկ ազատ խոսք հնչեցնելու իրավունք չունեն, ինչի՞ մասին է խոսքը։ ՀՀ-ում մարդը այլեւ արժեք չէ, մարդը բառ ասելու համար դատվում է ՀՀ-ում։ Իսկ Փաշինյանը իրեն «սրբի» տեղ դրած երկրում հրահրում է խառնակչություն, որպեսզի ահաբեկչության անվան տակ մարդկանց դատի։
Արթուր Հայրապետյան

Русский