Հունվարի 28-ին, երբ Հայաստանը նշում է Հայոց բանակի օրը, Եռաբլուրը միավորել է իր շուրջը բոլոր հայերին, բացի իշխանության որոշ ներկայացուցիչներից, ովքեր առիթ չեն համարել այցելել Եռաբլուր։
Եռաբլուրում են ինչպես շարքային քաղաքացիներ, այնպես էլ բարձրաստիճան սպաներ, նախկին զինվորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ, ովքեր իրենց ներդրումն են ունեցել հայկական պետականության պահպանման և կայացման գործում։ Նրանց ներկայությունը խորհրդանշական է՝ հիշեցում, որ բանակը պարզապես կառույց չէ, այլ պետականության հիմքն ու գոյության երաշխիքը։
Եռաբլուրի մթնոլորտը միաժամանակ հարգանքի, ցավի, պատասխանատվության զգացում է փոխանցում։
Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ով ներկա էր Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում նշեց, որ վարչապետի այսօրվա ուղերձը չի ընթերցել, քանի որ այն, ըստ արտահայտված կարծիքի, ամբողջությամբ չի արտացոլում ներկա իրականության գործունեությանն ու գործելաոճին։ Սա վկայում է հասարակական և քաղաքական բևեռացվածության շարունակականության մասին, հատկապես անվտանգության և բանակաշինության հարցերում։
Քննարկումների առանցքում է նաև Հայաստանի և ՀԱՊԿ-ի հարաբերությունների թեման։ Հնչել է տեսակետ, թե այդ հարաբերությունները խաթարվել են այն պահից, երբ Հայաստանի իշխանությունը փորձել է ձերբակալել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։ Այս հարցը մինչ օրս մնում է քաղաքական բանավեճի առարկա՝ կապված արտաքին քաղաքական հավասարակշռության և ռազմաքաղաքական դաշնակցությունների արդյունավետության հետ։
Մյուս դիտարկումը վերաբերում է հունվարի 27-ի՝ որպես խոնարհման և հիշատակման օր, որը որոշ շրջանակներում մեկնաբանվում է որպես փորձ՝ ստվերելու սեպտեմբերի 27-ը։ Այս գնահատականները ցույց են տալիս, որ հիշողության քաղաքականությունը ևս դարձել է ներքաղաքական քննարկումների մաս։
Եռաբլուր էր այցելել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Հայրապետի ներկայությունը խորհրդանշում է, որ Հայոց բանակի և Հայոց բանակում զոհվածների հիշատակը ունի ոչ միայն պետական, այլև հոգևոր բնույթ։ Հայ առաքելական Սուրբ Եկեղեցին ավանդաբար կարևոր դեր է ունեցել ազգային ինքնության պահպանման հարցում, և հատկապես նման օրերին Վեհափառ Հայրապետի այս կարևորագույն ներկայությունը դառնում է համազգային համախմբման խորհրդանիշ։
Հունվարի 28-ը վերջին տարիների պատերազմներով ու բանակը իշխանության կողմից արժեզրկման հետևանքով, ավելի շատ հարցերի և մեր մեջքը ուղղելու օր է դարձել։ Ինչպե՞ս վերականգնել բանակի մարտունակությունը։ Ի՞նչ ճանապարհով ապահովել անվտանգությունը՝ ուժեղացնելով ռազմական բաղադրիչը, թե՞ առաջնահերթություն տալով կեղծ խաղաղության օրակարգին։ Ինչպե՞ս վերականգնել վստահությունը պետության և զինված ուժերի նկատմամբ։
Եռաբլուրում հավաքված մարդկանց հոսքը ցույց է տալիս, որ բանակը շարունակում է մնալ հանրային կյանքի կենտրոնական արժեքներից մեկը։ Սակայն այդ արժեքը պահպանելու համար անհրաժեշտ է ոչ միայն հարգանքի տուրք, այլև հստակ ռազմավարություն, քաղաքական կամք և համազգային կոնսենսուս։
Բանակի օրը՝ պետականությունը պահպանվում է ոչ միայն զենքով, այլև պատասխանատու կառավարմամբ, դիվանագիտությամբ, միասնականությամբ և ապագայի հանդեպ հստակ պատկերացմամբ։
Ալիտա Եղիազարյան

Русский