Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բանակ, որը դարձավ պարտության քավության նոխազ

Blog Image

Հայոց փառապանծ բանակի օրը տարիներ շարունակ եղել է Հայոց պետականության ամուր լինելու հավաստիքներից մեկը։ Սակայն վերջին տարիներին այդ օրը նշվում է ծանր հակասությունների, պարտության չհաղթահարված հետևանքների և իշխանության վարած անհետևողական  քաղաքականության, օրեցօր խորացող անվստահության մթնոլորտում։

Բանակը, որը երկար ժամանակ ընկալվում էր որպես ազգային անվտանգության առանցք, աստիճանաբար հայտնվել է քաղաքական թիրախավորման ու բարոյահոգեբանական ճնշման ներքո։

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք բանակի նկատմամբ հռետորաբանությունն ու գործնական քայլերը հաճախ ընկալվում են ոչ թե որպես բարեփոխման փորձ, այլ՝ ինստիտուտի հեղինակազրկում։ Հանրային խոսքում գեներալների, սպաների, զինվորական վերնախավի հասցեին հնչած մեղադրանքները, պարտության ամբողջ պատասխանատվությունը համակարգի վրա բարդելու փորձերը, բանակը «հին համակարգի մնացորդ» ներկայացնելու քաղաքական գիծը լուրջ հարված են հասցրել զինված ուժերի ներսում, հատկապես վստահության ու կարգապահության հարցերում։ 

Պատերազմից հետո ոչ միայն չներկայացվեց քաղաքական հաշվետվություն, այլ նաև շարունակվեց բանակի ապաքաղաքականացման անվան տակ նրա քաղաքական մեկուսացումը։ Փորձառու կադրերի հեռացումը, քրեական գործերով ճնշումները, հրամանատարական շղթայի խաթարումը հանգեցրել են նրան, որ բանակը փաստացի զրկվել է ինքնուրույնության և պաշտպանվածության զգացումից։ Այս ամենը տեղի է ունենում մի պայմանում, երբ Հայաստանի անվտանգային միջավայրը շարունակում է մնալ ծայրահեղ խոցելի։

Բանակի օրը պետք է առիթ լիներ պետական մակարդակով վերաիմաստավորելու բանակի դերը, սխալների պատասխանատվությունը կիսելու և զինվորին նորից արժանապատվություն վերադարձնելու համար։ Փոխարենը՝ հասարակությունը կրկին լսում է ընդհանուր խոսքեր, առանց քաղաքական կամքի՝ իրական գնահատական տալու իշխանության կայացրած որոշումներին, որոնք անմիջականորեն ազդել են բանակի մարտունակության վրա։

Հայոց բանակը չի կարող լինել պարտության քավության նոխազը։ Բանակը քաղաքական իշխանության գործիքն է, ոչ թե հակառակը, և նրա թուլացումը նշանակում է պետականության թուլացում։ Հայոց բանակի օրը այսօր ավելի շատ հիշեցում է այն մասին, թե ինչ գին ունի անպատասխանատու կառավարումը, և ինչ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ բանակը քաղաքական օրակարգերին զոհաբերելը։

Send