Հիշո՞ւմ եք «Միմինո» ֆիլմը, երբ Ֆրունզիկը դատարանի դիմաց մոտենում է Կրամարովին ու խնդրում օգնել այդ պահին մեղադրյալի աթոռին նստած Կիկաբիձեին։ Կրամարովը խոստանում է օգնել, բայց 5 տարի անց ու ուղևորվում կալանավայր։
Ահա նման պատկեր է ձևավորվում մեր քաղաքական դաշտում։ Թեպետ դեռ ընտրական գործընթացը շարունակվում է, թեկուզ և այն պատճառով, որ ԿԸՀ վերջնական որոշումը դեռևս չկա, սակայն արդեն իսկ դատելով ընդդիմության ներկայացուցիչների հայտարարություններից, կարելի է ենթադրել, որ ընդդիմությունը վերցնելու է մանդատները ու պայքարը շարունակելու խորհրդարանում, ինչպես 2021 թվականին։ Ինչ խոսք, հիմնավորումները տարբերվում են, եթե նախկինում ընդդիմությունը խորհրդարան էր գնում «իր օրակարգով», ապա այսօր՝ Գլխավոր դատախազի ընտրության վրա ազդելու հույսով։
Ըստ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանի՝ իրենք սպասում են ԿԸՀ-ի որոշմանը ու եթե ԲՀԿ-ն անցնի խորհրդարան, ապա իրենք հնարավորություն կունենան ազդել դատախազի ընտրության վրա ու կփորձեն կանխել ապօրինի որոշումները ու կփորձեն լուծել քաղբանտարկյալների հարցը։
Ուշագրավ է, որ փոխվել է հռետորաբանությունը, նախընտրական շրջանի «կառավարության նիստերին» ու «հաջորդ վարչապետին» փոխարինելու է եկել առավել համեստ՝ կփորձենք բառը։ Ուշագրավ է նաև այն, որ ներկայիս Գլխավոր դատախազը՝ Աննա Վարդապետյանն ընտրվել է 2022 թվականին, 6 տարի ժամկետով ու եթե միացյալ խորհրդարանական ընդդիմությունը ցանկանա հաջորդ դատախազի ընտրության վրա ազդելու «փորձ» անել, ստիպված է լինելու սպասել ևս 2 տարի։
Ինչ վերաբերում է փողոցային պայքարին ու Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացմանը հասնելուն, ապա ըստ Նարեկ Կարապետյանի, այս պահին ձևավորվել է պատմական հնարավորություն, այն է, որ Փաշինյանի հեռացմանը հասնելու համար պակասում է ընդամենը 8 ՔՊ-ական պատգամավորի ստորագրություն, ու եթե այդ 8-ը միանան, ապա կհեռացնեն Նիկոլ Փաշինյանին։
Երբևէ մտքովս չէր անցնի, որ մի օր ստիպված եմ լինելու ցիտելու Նիկոլ Փաշինյանին, բայց նա իր խոսույքն այն աստիճան է իջեցրել կենցաղային ու շատ հաճախ էլ գռեհկաբանության մակարդակի, որ նրա կողմից «առավել իմաստուն» մտքեր գտնելն անհնար է։ Ահա, մի անգամ նա մի առիթով ասաց. «եթե մորքուրս տղամարդ լիներ, նրան քեռի կասեին»։
Իհարկե եթե ՔՊ-ական 8 պատգամավոր միանային Նիկոլ Փաշինյանի հեռացման պահանջին, ապա վերջինիս հեռացնելը շատ իրատեսական կդառնար ու առհասարակ, եթե հանրությունը միասնաբար մերժեր Նիկոլ Փաշինյանին, ընդհանրապես այսօր այլևս նման խոսակցության անհրաժեշտություն չէր առաջանա ու շատ ավելի լավ կլիներ, եթե 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը չգար իշխանության։
Թեպետ ես քաղաքականության մեջ առաջնորդվում եմ ոչ թե «եթե»-ներով, այլ չոր փաստերով, սակայն խորհրդարանական ապագա ընդիմությունն ունի այլ տեսակետ։ Նարեկ Կարապետյանը հուսադրում է բոլորիս, որ հնարավոր է 5 տարվա ընթացքում այնուամենայնիվ ՔՊ-ական 8 պատգավոր միանա ընդդիմությանը։ Իսկ եթե այդ միանալն 5 տարվա ընթացքում չլինի, ապա ստիպված եմ մեջ բերել մերօրյա մի այլ անանուն հեղինակի. «Դե չի ըլնի, չի լընի»։
Կարեն Կարապետյան

Русский