Ընտրություններից անցել է արդեն 4 օր, ու մեր քաղաքական դաշտը գտնվում է կատարյալ հանգստի ռեժիմում։ Իհարկե, կան գնահատականներ, որ ընտրությունները կեղծվել են, սակայն նման գնահատականներ հնչել են գրեթե բոլոր ընտրությունների ժամանակ, այդ թվում`ՏԻՄ։ Իսկ հատկապես համապետական ընտրություններից հետո միշտ կարծիքները բաժանվել են երկու մասի, մի մասը համարել է, որ ձևավորված իշխանությունը լեգիտիմ չէ, մյուսը՝ որևէ ընտրախախտում չի նկատել։
Նույնն է նաև այսօր, թեպետ ընդդիմությունը հայտարարում էր, որ ունի պլան Բ, նույնիսկ Ց, այնինչ պարզվում է, որ իրականում պլան Բ-ն գլխավոր դատախազի ընտրության վրա ազդելու հույսն էր, պլան Ց-ն՝ Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքները վիճարկելը։ Աստիճանաբար ուրվագծվում է այն պատկերը, որ «սա ոչ թե քաղաքական գործընթաց է, այլ Հայաստանի լինել-չլինելու» հռետորաբանությունը վերածվելու է քաղաքական դասական իրավիճակի, երբ խորհրդարանում լինում է իշխանություն և ընդդիմություն, ու միշտ վերջինս քննադատում է առաջինին, ինչպես ցանկացած երկրում։
Իհարկե, քաղաքականությունը մշակված ու մտածված գործողությունների, սառը դատողության ու հաշվարկների ամբողջություն է, բայց երբեմն արդյունավետ կարող է լինել «երկաթը տաք-տաք են ծեծում» մոտեցումը։ Շատ հաճախ էլ այս երկու մոտեցումները կարող են փոխլրացնել միմյանց, եթե նախօրոք մտածված ու հաշվարկված լինեն հետագա քայլերը։ Մինչդեռ այսօր հետընտրական գործընթացների լոկոմոտիվը ընդդիմության փոխարեն, կրկին ստանձնում է Նիկոլ Փաշինյանը։ Օրինակ՝ վերջինիս կողմից «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը դատի տալն ու պահանջը, որպեսզի նրանք հերքեն ադրբեջանցիների վերադարձի հետ կապված իրենց նախընտրական թեզերից մեկը ու ներողություն խնդրեն իշխանությունից։
Ու սա դեռ առաջին ծիծեռնակն է, որքան ձգձգվի ընդդիմության անորոշությունը, այդքան հանրությունը ունենալու է հերթական հիասթափությունը ընդդիմությունից, ու Նիկոլ Փաշինյանն էլ ավելի է հաստատվելու հետընտրական գործընթացների «առաջնորդի» դերում։
Կա մի այլ կարևոր հանգամանք ևս. հիմնականում խոսում են իշխանության լեգիտիմության կամ ոչ լեգիտիմության մասին, բայց հիմա կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ իշխանությունը ձեռք բերի քաղաքական լեգիտիմություն, իսկ ընդդիմությունը՝ ոչ։
Օրինակ՝ 2021 թվականի ընտրություններում իշխանությունը հանրությանը ներկայանում էր Հադրութի ու Շուշիի դեօկուպացիայի, կորուստները հետ բերելու, Արցախի հարցը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում լուծելու օրակարգով ու վերարտադրվելուց հետո արեց տրամագծորեն հակառակը, ու որքան էլ ընտրությունները լինեին թափանցիկ, այնուամենայնիվ նա զրկվեց իր քաղաքական լեգիտիմությունից։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը գործում է բաց, առանց որևէ բան կեղծելու ու ընտրությունների հենց հաջորդ օրը վերահաստատեց իր նախընտրական մոտեցումները։
Իհարկե, Փաշինյանի նենգությունը կայանում է նրանում, որ այդ ամենի պատասխանատուն դարձնում է հանրությանը, սակայն դրանից իրավիճակը չի փոխվում։ Նա խոստացել է բանտարկել Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Գագիկ Ծառուկյանին, խոստացել է արմատախիլ անել, իր ձևակերպմամբ, «պատերազմի եռագլուխ կուսակցությունը», խոստացել է հասնել Վեհափառի հրաժարմանը...ու արդեն տեսնում ենք առաջին քայլերը, դատի է տալիս ընտրություններին մասնակից ուժերից մեկին, արգելափակում է Գագիկ Ծառուկյանի ելքը Հայաստանից։ Նա կգնա նաև թե՛ Սամվել Կարապետյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի ու թե՛ Վեհափառի հետևից։ Հատկապես վերջինի պարագայում որքան էլ մենք հայտարարենք, որ ՔՊ-ական իշխանությունը հարձակվում է Հայ Առաքելական Եկեղեցու վրա, սակայն Փաշինյանը ստացել է դրա «լեգիտիմ իրավունքը»։ Նա այդ ամենի մասին խոստացել է նախընտրական քարոզարշավի ընթացքում ու այդ ամենով հանդերձ՝ վերարտադրվել։
Իսկ ընդդիմությունը հայտարարում էր, որ այս ընտրությունները Հայաստանի համար գոյութենական հարց են, որ իրենց հաղթանակն անխուսափելի է, ու այլ հարց չի էլ քննարկվում, որ հունիսի 8-ին Փաշինյանն այլևս չի լինի վարչապետ և այլն, ու հանրությունը նրանց քվե է տվել հենց այդ խոստումների համար։ Հետևաբար, ստացվում է, որ իշխանությունը կատարում է իր խոտումները, որքան էլ դրանք հաճելի չլինեն մեզ, իսկ ընդդիմությունը՝ ոչ։
Իհարկե, քաղաքականության մեջ ոչինչ երաշխավորված չէ, սակայն մենք այսօր պետք է տեսնեինք ալեկոծված քաղաքական դաշտ, ոտքի ելնելու պատրաստ հասարակություն, «պայթելու» պատրաստ փողոց, որի պատասխանատուն ընդդիմությունն է, մինչդեռ վերջիններս չունեն որոշում գրեթե ոչ մի հարցում։ Եթե ընդդիմությանը թվում է, թե հասարակությունը զորանոցում տագնապի ազդանշանի սպասող զորամիավորում է, ապա չարաչար սխալվում է։ Ժամանակը միանշանակ աշխատում է ի վնաս ընդդիմությանը, մարդիկ աստիճանաբար վերադառնալու են իրենց առօրյա կյանքին ու մոռանալու են այս ընտրությունների մասին իրենց դերակատարներով հանդերձ։ Ըստ այդմ այսօրվա ընդդիմությունը կամ պետք է գործի այսօր, կամ՝ երբեք, որովհետև քաղաքականության մեջ ժամանակը հաղթանակի փոխարեն հաճախ կարող է տանել լուսանցք։
Կարեն Կարապետյան

Русский