Պատկերացրեք մի իրավիճակ, երբ ամուսինը սիրուհի ունի, և նրա օրինական կինը գիտի այդ մասին ու ցանկանում է ապահարզանի դիմել, սակայն ամուսինը չի համաձայնվում, դժգոհում է, հոխորտում կնոջ վրա, թե ինչու է նա նման կտրուկ քայլի դիմում։
Ի վերջո, սիրուհին դեռ իր հաջորդ կինը դառնալու համաձայնություն չի տվել և կարող է երբեք էլ չհամաձայնել տղամարդու այդ առաջարկին, ուստի կինը պարզապես պարտավոր է համակերպվել ու շարունակել կատարել իր ամուսնական պարտականությունները, քանի դեռ տղամարդու կյանքում հստակություն չի մտցվել։
Որքանո՞վ է բարոյական տղամարդու տվյալ վերաբերմունքն իր օրինական կնոջ հանդեպ։ Մեր կրոնական համոզմունքներով ու օրենքներով էլ պայմանավորված՝ տղամարդն իրավունք չունի խոչընդոտելու կնոջը դիմել դատարան՝ ապահարզանի համար, եթե ապացուցված է դավաճանության փաստը, և կինը պարզապես չի ցանկանում համակերպվել իր այդ կարգավիճակի հետ։
Նույնը հիմա անում են մեր սիրասուն իշխանությունները, որոնք, չնայած ԵԱՏՄ-ի հանդեպ փաստաթղթերով ստանձնած հավատարմության պարտավորությանը և այդ կառույցի տանիքի ներքո դրա ձևավորման օրվանից որպես անդամ պետություն գոյակցությանը, փորձում են հարմարավետ տեղավորվել Եվրամիության հովանու ներքո, սակայն դեռ չգիտեն, թե ԵՄ-ն Հայաստանի այդ մղումներին ինչպե՞ս կպատասխանի։ Քանի դեռ ԵՄ-ն հստակ պատասխան չի տվել և չի անցել Հայաստանի եվրաինտեգրման գործողություններին, Հայաստանը հարկ չի համարում «մնաս բարով» ասել ԵԱՏՄ կառույցի երկրներին, քանի որ այդ կառույցից մեծաքանակ օգուտներ է ստանում ու չի պատրաստվում դրանցից հրաժարվել, մինչև համարժեք այլընտրանք չունենա։
Դա քիչ է, դեռ սրտնեղում ու սպառնում է մասնավորապես Ռուսաստանին, որ եթե, ի հեճուկս Հայաստանի նպատակադրությունների, ԵԱՏՄ պետությունները համարձակվեն Հայաստանին զրկել ԵԱՏՄ անդամակցությունից, ապա պատասխան հարված կստանան՝ Հայաստանում ռուսական կապիտալով գործող և ռուսաստանյան ընկերությունների համար մի շարք խոչընդոտներ ստեղծելով կամ ընդհանրապես այդ ընկերությունների գործունեությունը Հայաստանում արգելելով, չի բացառվում՝ նրանց բիզնեսը խլելով, ինչի նախադեպն արդեն առկա է։ Սպառնալիքներից բացի՝ գործի են դնում իրավական հիմնավորումները, թե ԵԱՏՄ փաստաթղթերով այդ կազմակերպության առանցքային պետությունները որևէ իրավասություն չունեն դադարեցնելու Հայաստանի անդամակցությունը։ ԵԱՏՄ պայմանագրի 13-րդ հոդվածի համաձայն՝ երկիրը կարող է լքել կառույցը միայն սեփական նախաձեռնությամբ, ինչի համար պահանջվում է մնացած բոլոր անդամների համաձայնությունը։ Իսկ պետությանն իր կամքին հակառակ միությունից հեռացնելու որևէ այլ տարբերակ փաստաթուղթը չի նախատեսում։
Իսկ ԵԱՏՄ չորս երկրների զեկույցում բերված հղումը Վիեննայի կոնվենցիային մեր իշխանավորներն անհիմն են համարում, քանի որ, ըստ նրանց, Հայաստանը լիարժեքորեն կատարել է ԵԱՏՄ-ի փաստաթղթերով ստանձնած բոլոր պարտավորություններն այնպիսի պատասխանատվությամբ, ինչպիսի պատասխանատվությամբ չեն կատարել որևէ այլ կառույցի հանդեպ ստանձնած պարտավորությունները։ Իսկ Վիեննայի նշյալ կոնվենցիան սահմանում է, որ այս կամ այն կազմակերպությունից որևէ երկիր հանելու հիմնավորում կարող է դառնալ պայմանագրային պարտավորություններից խուսափելը։ Այնինչ ԵԱՏՄ չորս պետությունները համարում են, որ դեռևս ԵԱՏՄ կազմում ընդգրկված լինելով՝ այլ միության կազմի մեջ մտնելուն ուղղված քայլեր նախաձեռնելը, ինչպիսին նախորդ տարի մեր խորհրդարանում ընդունված օրենքն էր՝ ԵՄ ինտեգրման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու մասին, արդեն պայմանագրային պարտավորությունների խախտում է։ Մյուս կողմից էլ ԵԱՏՄ-ն կարող է խախտում դիտարկել նաև ԵԱՏՄ չափորոշիչներին ոչ համապատասխան և ոչ պատշաճ որակի սննդամթերքի արտահանումը դեպի այդ կառույցի անդամ երկրներ։
Չէ՞ որ հենց այդ հիմնավորմամբ, կամ թող լինի պատրվակով է Ռուսաստանը հայկական սննդամթերքի համար փակել իր հսկայական շուկան՝ հայտարարելով, որ այդ սահմանափակումները քաղաքական ոչ մի ենթատեքստ չունեն։ Սա էլ քեզ մեկ ուրիշ հիմնավորում պայմանագրային պարտավորությունները ոչ պատշաճ կատարելու վերաբերյալ․
Այսօր արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նիդերլանդացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսին՝ մեկ անգամ ևս անդրադառնալով ԵԱՏՄ վերջին զեկույցին, նախ հույս է հայտնել, որ ԵԱՏՄ գործընկերները բարեխիղճ մոտեցում կցուցաբերեն հարցին, մյուս կողմից էլ նորից հայտարարել է, թե անդամակցության հնարավոր կասեցման համար զեկույցում նշված հիմքերի հետ համաձայն չէ։ Չնայած այն բանին, որ ԵԱՏՄ կազմակերպության գործընկերներն ասում են, թե կազմակերպությունից հեռացնելը կամ անդամակցության սառեցումը ԵԱՏՄ փաստաթղթերով նախատեսված չէ, սակայն Վիեննայի կոնվենցիայով դա հնարավոր է։
«Պետք է, որ այն գործընկերը, որից դժգոհ են, խախտած լինի պայմանավորվածությունները կամ կազմակերպության շրջանակում իր ստանձնած պարտավորությունները, որպեսզի ասեն՝ դու խախտել ես, շնորհակալություն, ցտեսություն։ Ինչպես տեսնում եք, Հայաստանը ոչինչ չի խախտել և չի էլ պատրաստվում»,- իշխանություններին արդարացրել է Միրզոյանը՝ ասելով, որ Հայաստանը բարեխղճորեն կատարում է ստանձնած պարտավորությունները և հույս ունի, որ գործընկերները՝ թե՛ կազմակերպության շրջանակում, թե՛ երկկողմ ձևաչափով, նույնքան բարեխղճորեն կկատարեն իրենց պարտավորությունները։
Իր հերթին Ռուսաստանն էլ հույս է հայտնել, որ Հայաստանը չի շահարկի ԵԱՏՄ անդամակցությունը՝ փորձելով երկու աթոռի նստել, և շատ արագ կկողմնորոշվի՝ ի վերջո մնո՞ւմ է ԵԱՏՄ-ում, թե՞ եվրաինտեգրվում ու հեռանում է իրենց կազմակերպությունից։ Դրա համար Ռուսաստանն ու ԵԱՏՄ գլխավոր երկրները Նիկոլ Փաշինյանին թե՛ բանավոր, թե՛ գրավոր առաջարկել են հանրաքվե անցկացնել, հիմնվել հայ ժողովրդի կամքի ու ցանկության վրա և այդ հանրաքվեի արդյունքներով էլ շուտափույթ որոշում կայացնել։
Ի դեպ, ԱԳ նախարարը նշել է, որ ինչպես էլ զարգանան իրադարձությունները, Հայաստանի դիրքորոշման և որոշումների հիմքում լինելու են պետականությունը, սեփական շահերը, ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաև ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը․ դրանք սակարկման առարկա չեն կարող դառնալ։ Նախարարը վստահեցրել է, որ Երևանը ձգտում է երկխոսության, բայց կրկնել է, որ որոշումների առանցքում մեր պետականությունն է։
Հետաքրքիր է՝ Արարատ Միրզոյանը ո՞ր դրվագում է տեսնում Ռուսաստանի կողմից մեր ինքնիշխանության սահմանափակում կամ ճնշման փորձեր, եթե Ռուսաստանը՝ թե՛ առանձին, թե՛ որպես ԵԱՏՄ անդամ պետություն, Հայաստանին ողջամիտ ընտրություն է առաջարկում՝ առանց որևէ պարտադրանքի, թե՝ ոչ, Հայաստանը պետք է մնա ԵԱՏՄ անդամ ու վերջ։ Ի վերջո, արդյո՞ք Արարատ Միրզոյանի նման պնդումները նշանակում են, որ իրենց կառավարման գրեթե ինը տարիների ընթացքում Հայաստանի իշխանությունները գործել են ճնշված ինքնիշխանության պայմաններում՝ ենթարկվելով գերտերությանը։
Եթե այդպես է, գերտերությո՞ւնն էր պարտադրել Արարատ Միրզոյանի թիմին ու նրա ղեկավարին, որ անտեսեր 44-օրյա պատերազմը դադարեցնելու և հրադադարի մասին նոյեմբերի 9-ի հայտարարությունը ու Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների շուրջ գործարքի գնար Արևմուտքի հետ, որ Պրագայում ստորագրեր չարաբաստիկ՝ Արցախը հանձնելու մասին փաստաթուղթը, որ Թրամփի վկայությամբ նախաստորագրեր նաև Հայաստանի կապիտուլյացիոն փաստաթուղթը, որի անունը նրանք խաղաղության պայմանագիր են դրել, որ 2025 թվականին հապշտապ խորհրդարան մտցնեին ու ընդունեին ԵՄ ինտեգրմանը նախապատրաստվելու մասին օրենքը։
Եթե, ըստ Արարատ Միրզոյանի, Ռուսաստանի կողմից առաջարկվող երկընտրանքը իբր սպառնալիք է Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը, ապա Սահմանադրությունը փոխելու և անկախության հռչակագրին հղումը ոչնչացնելու մասին Ադրբեջանի պահանջը նա միամտորեն նման սպառնալիք չի՞ համարում։ Եթե Հայաստանն իսկապես ռուսաստանյան ազդեցության տակ է եղել նաև իրենց կառավարման տարիներին, ապա Ռուսաստանն այդքա՞ն հիմար էր կամ ինքն իր թշնամի՞ն էր՝ ժամանակին հակառուսական քայլերով ու ծրագրերով, հայտարարություններով աչքի ընկած գործիչներին իշխանության բերելու համար։ Միանշանակ, նման պնդումներով, թե Ռուսաստանի կողմից ներկայացվող երկընտրանքը սպառնալիք է մեր ինքնիշխանությանը, իշխանությունները մեզ մեկ այլ արկածախնդրության են նախապատրաստում, որն արդեն ուրվագծվում է սահմանադրական «չարեփոխումներով»։
Թագուհի Ասլանյան

Русский