Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ԱՄՆ-ն Իրանի դեմ, ի՞նչ է կատարվում երկու երկրների միջև, պատերազմը կշարունակվի՞

Blog Image

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «ժամանակն է դադարեցնել իրանցի առաջնորդներին սպանելը, այլապես գործարք կնքելու համար ոչ մեկը չի մնա»։

«Առաջին մակարդակի ղեկավարությունը ոչնչացված է։ Երկրորդ մակարդակի ղեկավարությունը ոչնչացված է: Ես պետք է կանգ առնեմ, քանի որ պետք է հասկանամ, թե ում հետ ենք մենք վերջապես բանակցում»,- ասել է ԱՄՆ նախագահը նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Մինչ այդ նա շփվել է մամուլի հետ և հիմար է անվանել «The Wall Street Journal»-ի լրագրողին, որը հարց էր տվել ԱՄՆ-ի՝ Իրանին հարվածի հնարավոր ժամկետների մասին՝ նշելով, որ Վաշինգտոնը դիտարկում է և ուժային սցենարը, և Թեհրանի հետ գործարք կնքելու հավանականությունը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողություն իրականացնելու վերաբերյալ որոշումն իր լավագույն որոշումներից մեկն էր։ «Կարծում եմ՝ դա մեր ընդունած լավագույն որոշումներից մեկն էր։ Մենք թույլ չտվեցինք, որ Իրանը միջուկային զենք ունենա», - հայտարարել է Թրամփը:
 
Ի՞նչ են մտածում Իրանում, ի՞նչ իրավիճակ է մեր հարևան երկրում․ MediaHub-ը զրուցել է Թեհրանի Allameh Tabataba’i (ATU) համալսարանի դասախոս, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանի հետ։ «Դոնալդ Թրամփն իր վերջին հայտարարություններում պնդել է, որ ոչնչացրել է Իրանի ղեկավարության տարբեր օղակները, և որ բանակցային գործընկեր գտնելու համար, հնարավոր է, ստիպված լինի դադարեցնել նման գործողությունները՝ միաժամանակ սեղանին թողնելով ռազմական տարբերակը։ Զարգացումների վերլուծությունը ցույց է տալիս, որ այս հայտարարություններն ավելի շուտ ոչ թե դիվանագիտության անկեղծ ցանկության, այլ «առավելագույն ճնշման» ռազմավարության շարունակության մասին են վկայում։ Այդ ռազմավարությունը գործնականում փակուղի է մտել և Իրանին մղել դեպի դիմադրություն ու առճակատում։ 2025 և 2026 թվականների հարձակումներից հետո Իրանում ստեղծված քաղաքական և անվտանգային իրավիճակը, թեև ուղեկցվում էր Իրանի Իսլամական Հանրապետության բարձրաստիճան գործիչների ոչնչացմամբ պայմանավորված սկզբնական ցնցումով, չհանգեցրեց իշխանական կառուցվածքի փլուզմանը»,- հայտնեց Մովահեդիանին։
 
Նա հավելեց, որ այն տեղի չունեցավ շնորհիվ փողոց դուրս եկած իրանցի ժողովրդի, ինչպես նաև Իրանի իշխանական համակարգի դիմադրունակության և ցանցային կառուցվածքի։ Իրանը շարունակում է մնալ ակտիվ և հզոր, իսկ Իսլամական Հանրապետության կառուցվածքի շարունակականությունն ապահովված է։ Այս համատեքստում իշխանության է եկել նոր ղեկավարություն, իսկ ռազմական և անվտանգային հրամանատարական օղակներում կատարվել են լայնածավալ նշանակումներ։

 «Կարևորն այն է, որ Իրանի նոր ռազմական և անվտանգային ղեկավարությունը բաղկացած է այնպիսի գործիչներից, որոնք հայտնի են իրենց հաստատակամությամբ, նվիրվածությամբ և անզիջում դիրքորոշմամբ. նրանց նույնիսկ բնութագրում են որպես ավելի ագրեսիվ, քան իրենց նախորդները։ Այս զարգացումները ցույց են տալիս, որ Թրամփի գործադրած ճնշումները ոչ միայն չեն հանգեցրել հնազանդության, այլև Իրանի իշխանական կառուցվածքն ուղղորդել են դեպի ավելի դիմադրողական և ռազմականացված մոտեցում։ Փաստացի, արտաքին սպառնալիքը վերածվել է համախմբման գործոնի՝ հանգեցնելով իշխանության կենտրոնացմանը համակարգի ղեկավարների ձեռքում։ Իրանի ղեկավարությունը Թրամփի հետ բանակցությունները համարում է թակարդ և, հաշվի առնելով Վաշինգտոնի հանդեպ տածած խորը անվստահությունը, պատրաստվում է ռազմական առճակատման։ Հետևաբար, դիվանագիտությունը փակուղի է մտել ոչ թե Իրանի կողմից ցանկության բացակայության, այլ այն պատճառով, որ Թրամփը չի ցանկանում ընդունել Իրանի հզորության և իրավունքների իրողությունը, ինչպես նաև փոխել «առավելագույն ճնշման» մոտեցումը»,- ասաց միջազգայնագետը։

Նա հավելեց, որ Թրամփի գործադրած ճնշումներն իրանցիների առօրյա կյանքի վրա ազդել են հիմնականում տնտեսական հարթությունում։ Թրամփի վարչակազմի ճնշումները միայն վնասում են շարքային քաղաքացիների գնողունակությանը։ Այն հիմնական խնդիրները, որոնց բախվում են մարդիկ, ներառում են գների աճը, գնողունակության և եկամուտների նվազումը, ինչպես նաև դեղորայքի ու բուժման հասանելիության հետ կապված դժվարությունները։

«Այնուամենայնիվ, թեև այս ճնշումները դժվարացրել են ժողովրդի կյանքը, դրանք չեն կարողացել կոտրել նրանց քաղաքական կամքը։ Հասարակական կարծիքի մեծ մասն ընդունելի է համարում այս դժվարությունների հաղթահարումը՝ հանուն թշնամու դեմ հաղթանակի հասնելու։ Կարևորն այն է, որ Թրամփի կողմից գործադրվող տնտեսական և ռազմական ճնշումը ոչ միայն չի հանգեցրել սոցիալական փլուզման, այլև, իր միջամտողական բնույթի պատճառով, ամրապնդել է դիմադրության ոգին և ազգային համերաշխությունը՝ ճիշտ այնպես, ինչպես դիտվել էր 1980-ականների իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ։ Մյուս կողմից, այս ճնշումների ազդեցությունը բումերանգի պես վերադարձել է հենց Ամերիկա և Եվրոպա. վառելիքի և առաջին անհրաժեշտության ապրանքների թանկացումը հանգեցրել է անկարգությունների ու զանգվածային բողոքի ցույցերի եվրոպական տարբեր երկրներում, իսկ ամերիկացի ժողովուրդը նույնպես զգում է Թրամփի սխալ որոշումների հետևանքները»,- հայտնեց նա։
 
Մովահեդիանին հայտնեց, որ նման պայմաններում դիվանագիտությունն այլևս ի վիճակի չէ կանխել լայնածավալ հակամարտությունը, քանի որ Թրամփը՝ շարունակելով ճնշումների քաղաքականությունը և հրաժարվելով ընդունել իրողությունները, փակել է լարվածության թուլացմանն ուղղված բոլոր ուղիները։ Ինչ վերաբերում է նման պատերազմի ելքին, ապա բազմաթիվ ռազմական վերլուծաբաններ կարծում են, որ Ամերիկայի և Իրանի միջև ցանկացած ուղղակի պատերազմ կավարտվի Իրանի հաղթ մի մոտեցում, որը կարող է ծանր ծախսեր պարտադրել Վաշինգտոնին և ի վերջո հանգեցնել Թեհրանի հաղթանակին ու Պարսից ծոցից Ամերիկայի դուրսմղմանը։
 
Մարիաննա Արամյան

Send