Մերձավոր Արևելքի երկրների դիվանագետները մտահոգություն են հայտնել, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ծրագրում են նոր, էլ ավելի կործանարար հարվածներ հասցնել Իրանին՝ ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրություններից հետո․ հայտնել է «Financial Times» պարբերականը՝ վկայակոչելով տարբեր աղբյուրներ։
Ըստ աղբյուրների՝ այդ հարվածները կարող են ուղղված լինել Իսլամական Հանրապետության միջուկային և հրթիռային օբյեկտների, ինչպես նաև էլեկտրակայանների դեմ։
Նման քայլը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի Թեհրանի կողմից «կոշտ» արձագանքի։ Արաբական Միացյալ Էմիրությունների մի դիվանագետ նշել է, որ ռազմական գործողությունների նոր փուլի սպասումը ստիպում է տարածաշրջանին «պատրաստվել վատթարագույնին»։
Հոկտեմբերի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները մտադրություն չունի հարվածել Իրանին նոյեմբերի 3-ին նախատեսված Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ։ Հոկտեմբերի 31-ին նա պնդել է, որ Թեհրանի հետ բանակցությունները լավ են ընթանում, թեև կասկած է հայտնել Իրանի հանդեպ վստահության վերաբերյալ։ Նա նաև հրաժարվել էր հստակ պատասխան տալ այն հարցին, թե արդյոք ծրագրում է հաջորդ շաբաթ ռազմական գործողություններ սկսել Իսլամական Հանրապետության դեմ։

Русский