Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական

Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկի՞ն, թե՞ ներկայիս դեսպանն է

Blog Image

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը 2022 թվականի մարտ ամսին նշանակվեց Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով դեսպան, իսկ 2024 թվականի մարտին աշխատանքից ազատման դիմում գրեց` հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը հատել է «կարմիր գծերը»։

Հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանն այդ ո՞ր «կարմիր գծերն» էր հատել, ինչի արդյունքում «հատեց» Էդմոն Մարուքյանի համբերությունը։ Եթե խոսքը Նիկոլ Փաշինյանի կողմից բանակցային գործընթացը վիժեցնելն ու Արցախի և Հայաստանի գլխին պատերազմ բերելն էր, եթե խոսքը պատերազմում պարտվելն էր, եթե խոսքը 2021 թվականին ընտրողներին խաբելն էր, եթե խոսքը Արցախի ամբողջական շրջապատման ու հայաթափման ընթացքում անգործություն դրսևորելն էր, եթե խոսքը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր, եթե խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքները՝ Գորիս-Կապան ճանապարհը, Սև լիճը, Իշխանասարը.․․ Ադրբեջանին հանձնելն էր, եթե խոսքը Ջերմուկի հարակից տարածքները թշնամու վերահսկողության տակ թողնելն էր, եթե խոսքը Հայաստանը «պատմականի» ու «իրականի» բաժանելն էր, եթե խոսքը Արարատ լեռան արժեքը նսեմացնելն էր...ապա Նիկոլ Փաշինյանն այդ բոլոր «կարմիր գծերի» մի մասը հատել է նախքան Էդմոն Մարուքյանի նշանակվելը, մի մասն էլ՝ Մարուքյանի պաշտոնավարման ընթացքում։

Իսկ եթե խոսքը Հայ Առաքելական Եկեղեցու դեմ գրոհն է, ապա 2024 թվականին այն դեռ չէր մեկնարկել, նույնիսկ ակնարկ չկար, որ Նիկոլ Փաշինյանի համար Ամենայն Հայոց Կաթողիկոսը ապագայում վերածվելու է Կտրիճ Ներսիսյանի, իսկ Էդմոն Մարուքյանը երբևէ չի փայլել քաղաքական պայծառատեսությամբ ու աչքի չի ընկել ապագան գուշակելու հանճարեղ ունակությամբ։ Թարսի պես այն ժամանակահատվածում, երբ Էդմոն Մարուքյանը հրաժարական տվեց, Նիկոլ Փաշինյանը դեռևս չէր հասցրել «նոր կարմիր գծեր» հատել։

Եվ ահա, այդ «կարմիր գծերի» հատման փնտրտուքի մեջ մարդը խճճվում է, ի վերջո Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկի՞ն, թե՞ ներկայիս դեսպանն է։ Իսկ գուցե նա մի՞շտ է ընդդիմադիր եղել Նիկոլ Փաշինյանին ու ընդունել է վերջինիս աշխատանքի առաջարկն այն հույսով, որ ներսից կկարողանա կանխել նրա կործանարար ընթացքը։ Եթե այդպես է, ապա ինչ խոսք «ազնիվ» մտահղացում է, բայց ոչ օրիգինալ։

Ժամանակին Արթուր Բաղդասարյանը, հանդես գալով «թունդ» ընդդիմադրի դիրքերից ու «պայքարելով» Սերժ Սարգսյանի իշխանության գալու դեմ, անմիջապես ընտրություններից հետո վերջինիս հետ ստորագրեց համագործակցության հուշագիր։ Իհարկե հնչեցին ակնարկներ, որ այդ քայլով նա կանխում էր ինչ-ինչ գործողություններ ու իբր իշխանության դեմ փորձում էր պայքարել ներսից, «պայթեցնել» իշխանությունը։ Իսկ թե ով իրականում «պայթեց»՝ Արթուր Բաղդասարյա՞նը, թե՞ իշխանությունը, դժվար չէ կռահել։

Հետևենք, թե ինչով կավարտվի Էդմոն Մարուքյանի քաղաքական ընթացքը, ընտրություններին մնացել են հաշված օրեր։ Մեր կողմից ավելացնենք, որ սրտանց չէինք ցանկանա, որ Էդմոն Մարուքյանն արժանանար Արթուր Բաղդասարյանի ճակատագրին, վերջապես Հայաստանում «կլասիկ» քաղաքական գործիչները շատ չեն, ու երբ «դասական» է հանդիպում, նրան պետք է փայփայել՝ որպես դասագրքային նմուշ։

Send