Նիկոլ Փաշինյանը սիրում է համեմատվել ու իր անձը նույնացնել պատմական տարբեր կերպարների հետ, ընդհուպ Հիսուս Քրիստոսը։ Սակայն պատմական այն անձը (չասեմ միակը), որի հետ Փաշինյանը նմանություն ունի, հռոմեացի զորավար Լուցիոս Լուկուլոսն է։ Զորավարը հայտնի որկրամոլ էր, ուտելը նրա կիրքն էր, ընդ որում խնջույքների ժամանակ երբ Լուկուլոսն այլևս չէր կարողանում ուտել, փսխում էր, որպեսզի ստամոքսում տեղ բացվի ու կարողանա շարունակել ուտելը։
Պլուտարքոսը պատմում է մի դրվագի մասին. Մի անգամ Լուկուլոսին հարցնում են՝ այսօր ո՞ւմ հետ ես ճաշելու, նա պատասխանում է. «Այսօր Լուկուլոսը ճաշում է Լուկուլոսի հետ»։
Հաջորդ նմանությունը նրա հետ այն է, որ նախքան Պոմպեոսի՝ Հայաստանի դեմ արշավելը, Հռոմեական լեգեոնների գլուխն անցած Հայաստան եկավ Լուկուլոսը ու պարտվեց Տիգրան Մեծին, իսկ Նիկոլ Փաշինյանը պարտված է հայ ժողովրդին, պատմականորեն պարտված է։ Որքան էլ նա փորձի նսեմացնել մեր բոլոր ձեռքբերումները, որքան էլ փորձի Արցախյան շարժումը ներկայացնել որպես թակարդ, որքան էլ փորձի իր պարտությունը ներկայացնել որպես հաղթանակ, այնուամենայնիվ հստակ գիտակցում է, որ իր անունը պատմության մեջ մնալու է սև-ով։
Սերունդները երբեք չեն ների նրան, ով տվեց շուրջ 5000 զոհ ու կրեց նվաստացուցիչ պարտություն։ Այո՛ նվաստացուցիչ, այո՛ հենց ինքը, այլ ոչ հայկական պետությունը կամ հայ ժողովուրդը։ Պարտությունից հետո այդ իրեն է թշնամին ծաղրել, վիրավորել, նվաստացրել, այլ ոչ հայ ժողովրդին։
Սերունդները երբեք չեն ների նրան, ով Արցախը նվիրեց Ադրբեջանին, հայտարարելով, որ այն երբեք մերը չի եղել։ Սերունդները երբեք չեն ների նրան, ով նպաստեց մեր հայրենիքի մի մասի՝ Արցախի ամբողջական հայաթափմանն ու մոռացության մատնեց Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին։ Սերունդները երբեք չեն ների նրան, ով Ադրբեջանին հանձնեց Հայաստանի ինքնիշխան տարածքները, նախապես հռչակելով դրանք ադրբեջանական։ Սերունդները երբեք չեն ների նրան, ով ուրացավ Հայոց ցեղասպանությունը, ազգային արժեքները, Արարատ լեռը, Արևմտյան Հայաստանը...
Սերունդները չեն ների ու ինքը դա շատ լավ գիտի, իսկ այսօրվա իր հայտարարություններն ունեն երկու հասցեատեր, մեկը մենք ենք, այսօրվա ապրողներս, մյուսը հենց ինքը: Լուկուլոսի տրամաբանությամբ. «Փաշինյանը դիմում է Փաշինյանին»։
Իսկ ինչո՞ւ է անհրաժեշտություն առաջացել ինքն իրեն դիմելու։ Պատճառը շատ պարզ է, Փաշինյանն այլընտրանք չունի, նա կա՛մ պետք է առերեսվի իրականության հետ ու խոստովանի, որ ինքն է կործանել Արցախը, ինքն է նպաստել հազարամյակներով հայերով բնակեցված մեր հայրենիքի դատարկմանը, կա՛մ արժեզրկի մեր բոլոր ձեռքբերումները։ Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը երբեք մերը չի եղել, դա դեռ չի նշանակում, որ ինքն իրոք այդպես է մտածում, այդպես հայտարարելու պատճառն ինքնաարդարացումն է։ Երբ հայտարարում է, որ կորցրեցինք Արախը, բայց գտանք Հայաստանը, դրա պատճառը հաղթանակի պատրանք ստեղծելն է։ Երբ արհեստականորեն ստեղծում է «պատմական» ու «իրական» Հայաստանների հակադրում, դրանով փորձում է քողարկել ազգային արժեքների ու Ցեղասպանության ուրացման թուրք-ադրբեջանական պարտադրանքը։
Այլ խոսքով Նիկոլ Փաշինյանն իրոք չունի երրորդ ճանապարհ, նրա անկումն անկասելի է, քանի որ միայն արժեքների բացարձակ ժխտումը կարող է նրան «արդարացնել» ինքն իր աչքում, հակառակ դեպքում ծանր կլինի ապրելը հայրենադավի ու ազգադավի գիտակցմամբ։ Բայց ինչպես Արթուր Մեսչյանի երգում է ասվում. «Ո՞ւր պետք է փախչես ինքդ քեզանից»
Կարեն Կարապետյան

Русский