Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Սաքսոնիա-Անհալթ նահանգային խորհրդարանի ընտրություններում Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) պարտությունը որակել է տասնամյակների ընթացքում իր քաղաքական ուժի կրած ամենավատ ընտրական պարտությունը։
Ըստ Մերցի՝ ընտրությունների արդյունքները կունենան միջազգային հետևանքներ։
«Այսօր առավոտյան ՔԴՄ նախագահության, ապա նաև դաշնային խորհրդի նիստում մենք մանրամասն քննարկեցինք այս ընտրությունների արդյունքները։ Եվ կարող եմ ձեզ ասել. մենք բոլորս խորապես ցնցված ենք։ Մենք դա այս տեսքով չէինք սպասում։ Անշուշտ, մենք պարտավոր ենք ընդունել այս արդյունքը՝ այդպիսին են մեր ժողովրդավարության կանոնները», - ասել է Մերցը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսում։
«Պետք է խոստովանեմ. սա ՔԴՄ-ի կրած ամենավատ ընտրական պարտությունն է տասնամյակների ընթացքում», - հայտարարել է նա։
Գերմանիայի կանցլերն ընդգծել է, որ տեղի ունեցածը պետք է հետևանքներ ունենա։ Երկու շաբաթից, Մերցի խոսքով, Մեկլենբուրգ-Առաջնային Պոմերանում և Բեռլինում տեղի կունենան ևս երկու նահանգային խորհրդարանական ընտրություններ։
Մերցը ընդգծել է, որ Սաքսոնիա-Անհալթում անցկացված ընտրությունները փոխել են իրավիճակը ոչ միայն այդ տարածաշրջանում, այլև ամբողջ Գերմանիայում։ «Եվ այս ընտրությունների արդյունքները հետևանքներ կունենան։ Դրանք նաև կազդեն միջազգային իրավիճակի վրա», - հայտարարել է Գերմանիայի կանցլերը։

Русский