Ժամանակին կար մշակույթի մի նախարար, Հովիկ Հովեյան անունով, որը նաև գրող էր՝ Գրողների միության անդամ։ Ուրեմն, իր նախարար աշխատած տարիներին, երբ անջատվում են նրա տան լույսերը, գրող, մտավորական նախարար Հովիկ Հովեյանը՝ ատրճանակը ձեռքին, մտնում է ՀԷՑ-ի տարածքային բաժիններից մեկը ու կռիվ սարքում աշխատակիցների հետ։ Երբ միջադեպի մասին լրագրողները հարցնում են Գրողների միության այն տարիների, այժմ երջանկահիշատակ Լևոն Անանյանին, վերջինս տալիս է հանճարեղ պատասխան. «Մինչև նախարար դառնալը Հովիկ Հովեյանը մտավորական էր»։
Եվ այսպես, մինչև պատգամավոր դառնալը Անդրանիկ Քոչարյանը քաղաքականապես համեստ մարդ էր, նրա կարծիքը որևէ մի լրագրող չէր հարցնում, իսկ եթե ժամանակ առ ժամանակ հարցեր էլ ուղղում էին, ապա կապված այն նամակի հետ, որով հոկտեմբերի 27-ից անմիջապես հետո ինքը ու ևս մի խումբ մարդիկ պաշտոն էին խնդրել Ռոբերտ Քոչարյանից ու մերժվել։
Իսկ այսօր, ունենալով իշխանական լծակներ, մենք ականատես ենք լինում միանգամայն այլ պահվածքի, անզուսպ, մեծամիտ ու Նիկոլ Փաշինյանին թիկունքից հարվածող։ Այո՛, Անդրանիկ Քոչարյանն իր պահվածքով ու խոսելաձևով ուղիղ հարված է հասցնում Նիկոլ Փաշինյանին, հատկապես այս օրերին, երբ Հայաստանում է գտնվում եվրոպական գրեթե ողջ քաղաքական վերնախավը։
Այն նույն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը եվրոպացիներին փորձում է համոզել, որ Հայաստանում հաստատված է ժողովրդավարություն, խոսքի ազատությունն ու մարդու իրավունքները պաշտպանված են, Անդրանիկ Քոչարյանը խտրականություն է դնում լրատվամիջոցների միջև։ Mediahub-ի լրագրողը, այսօր մոտենալով Անդրանիկ Քոչարյանին, ցանկանում էր հարց ուղղել Հայաստանում ընթացող գագաթնաժողովի մասին, սակայն Անդրանիկ Քոչարյանը հարցը լսելու փոխարեն տալիս է հակընդեմ հարց. «Ո՞ր լրատվամիջոցն է» ու լսելով Mediahub-ի անունը՝ մեծամիտ տոնով նետում է՝ «ոչ» և քայլում առաջ՝ նույնիսկ չնայելով հարց տվողին։ Մի կողմ թողնենք տարրական դաստիարակությունը, որ հարց տվողն իր երեխայի տարիքի աղջիկ է, այլ անդրադառնանք քաղաքական ասպեկտին, որովհետև Անդրանիկ Քոչարյանն իր վարքով հերքեց այն կեղծ ասույթը՝ իբր «տարիները մարդուն իմաստնություն են հաղորդում»։ Տարիներն իմաստնություն կարող են հաղորդել միայն այն մարդուն, որն օժտված է դրանով, հակառակ պարագայում տարիները միայն էլ ավելի են խորացնում անդաստիարակությունը, անկրթությունն ու գռեհիկ պահվածքը։
Իսկ քաղաքական տեսանկյունից, կարծում եմ, թե՛ ՔՊ իշխող թիմը, թե՛ Նիկոլ Փաշինյանը պետք է հետևություններ անեն, արդյո՞ք իրենց պետք է այնպիսի մեկը, որն իր վարքով ջուրն է գցում եվրոպացիների հետ տարվող իրենց ողջ աշխատանքը։ Շատերը արևմտյան արժեքները միտումնավոր այլափոխում են ու ներկայացնում այնպիսի լույսի ներքո, որը որևէ կապ չունի իրականության հետ։ Արևմտյան քաղաքական գաղափարախոսության հիմքում առաջին հերթին մարդու իրավունքներն ու ազատություններն են, ժողովրդավարությունն է՝ որպես բացարձակ արժեք։ Խոսքի ազատության վերաբերյալ ժամանակին դիպուկ բնութագրում է տվել Վոլտերը. «Թեպետ ձեր կարծիքն ինձ դուր չի գալիս, բայց ես կյանքս կտամ, որպեսզի դուք ազատորեն կարողանաք արտահայտել այն»։ Իսկ ահա Անդրանիկ Քոչարյանն այլ մոտեցում ունի խոսքի ազատության նկատմամբ․ նա չի կիսում ոչ միայն ԵՄ-ի, այլ հենց Նիկոլ Փաշինյանի թեկուզ ցուցադրական ու ձևական ընկալումները խոսքի ազատության վերաբերյալ։ Երբ Նիկոլ Փաշինյանը ժամերով համբերատար լսում է բոլոր լրագրողների հարցերն ու իրեն ուղղված քննադատությունը, Անդրանիկ Քոչարյանը «խրտնում» է միայն Mediahub-ի անունը լսելիս։
Այնինչ, էլի եմ շեշտում, լրագրողը ցանկանում էր իմանալ ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի նախագահի կարծիքը, քանի որ Անդրանիկ Քոչարյան անձի կարծիքը ոչ ոքի պետք չէ։ Կարծում եմ՝ իշխանական լծակներից զրկված Անդրանիկ Քոչարյանը կրկին կվերադառնա այն համեստ խոսելաձին, որն ուներ պաշտոնի ակնկալիքով Ռոբերտ Քոչարյանին դիմելուց ու մերժվելուց հետո։
Կարեն Կարապետյան

Русский