Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այս տարվա ապրիլի վերջին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագիրը։
Նախարարի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ հաշվետու տարում նա ունեցել է 5 անշարժ գույք՝ 2 հողամաս, 2 բնակարան, 1 անհատական բնակելի տուն։ Անշարժ գույքերից 4-ը ձեռք է բերվել գնման եղանակով, 1-ը՝ նվիրատվության։
Հետաքրքիրն այն է, որ Գալյանն իր ունեցվածքը հայտարարագրելիս ինչ-որ բան այն չի արել, քանի որ 2024-ին լրացրած իր հայտարարագրում նա ներկայացրել է 2022-ին ձեռք բերված բնակարանի մասին տեղեկություն, իսկ ահա 2025-ին, երբ նախորդ տարվա, այսինքն՝ 2024-ի մասին է հայտարարգիր լրացրել, բնակարաններից մեկն անհետացել է, այս տարի էլ, ինչ-որ հրաշքով՝ հայտնվել։ Սակայն որևէ գնման, վաճառի, նվիրատվության մասին տեղեկություն չկա։
Հաշվետու տարում Գալյանը գնման եղանակով ձեռք է բերել պարտատոմսեր, տվյալ տարվա վերջում առկա պարտքային և այլ արժեթղթերի արժեքը կազմել է 11 մլն 998 հազար դրամ։
Նրա հանձնված և վերադարձված փոխառությունները հաշվետու տարվա սկզբում և վերջում կազմել են 6 մլն 500 հազար դրամ։
Սրբուհի Գալյանի բանկային հաշիվների մնացորդները մի քանիսն են․ դրանցից մեկը 9 հազար դրամ է, որը պահպանվել է հաշվետու տարվա վերջում։ Մյուս հաշվին առկա 2 մլն 51 հազար դրամը տարեվերջին դարձել է 2 մլն 142 հազար դրամ, երրորդինը՝ 1 մլն 5 հազար դրամից՝ 1 մլն 25 հազար դրամ։ Չորրոդ հաշվին եղած 546 հազար դրամը հաշվետու տարվա վերջում նվազել է՝ դառնալով 34 հազար դրամ, իսկ ահա հինգերորդ հաշվի 860 դրամն աճել է՝ հասնելով 22 հազար դրամի։
Արդարադատության նախարարի կանխիկ դրամը հաշվետու տարվա սկզբում կազմել է 2 մլն 700 հազար դրամ, որը հաշվետու տարվա վերջում աճել է 200 հազար դրամով։ Իսկ ունեցած 5, 000 դոլարը աճել է՝ դառնալով 5,300 դոլար։
Արդարադատության նախարարի հաշվետու տարվա եկամուտը 45 մլն 202 հազար դրամ է կազմել. ի տարբերություն նախորդ տարվա, այս տարի այն նվազել է։ Նախորդ տարի նրա հաշվետւ տարվա եկամուտը 66 մլն 922 հազար դրամ է եղել։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ եղել է 37 մլն 229 հազար դրամ, որից 31 մլն 279 հազար դրամը հիփոթեքի գումարն է։
2 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող այլ միանվագ ծախսերի բաժնում նախարարը լրացրել է 11 մլն 998 հազար դրամի մասին տեղեկություն։
Հարկ է նշել, որ Գալյանը նույնպես նախորդ տարեվերջին ստացել է պարգևավճար։ Լրագրողների հետ զրույցում նախարարը սկզբում չէր հիշել իր ստացած գումարի չափը, հետո էլ ասել էր՝ մոտ 7 միլիոն դրամ, այսինքն՝ մոտ 18 հազար դոլար է կազմել պարգևավճարի չափը:
Հիշեցնենք, որ 2025-ի վերջին 3.5 միլիարդ դրամի խրախուսում էր հատկացվել պետական համակարգին. Նոր տարվա շեմին Փաշինյանի կառավարությունը պարգևատրել է 16 պետական կառույցների աշխատողներին, այն անվանել խրախուսում, սահմանել դրա կարգը, բայց չի հանրայնացրել բարձրաստիճան պաշտոնյաներին տված գումարի կոնկրետ չափը:
Էմմա Մարտիրոսյան

Русский