Երեկ երկրի վարչապետը ֆեյսբուքյան ուղիղ եթերով հերթական սպառնալիքի չափաբաժինը ներկայացրեց այս անգամ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի հասցեին՝ նախ նրան անվանելով «համբալ», ապա հավաստիացնելով, որ հայտնվելու է քրեակատարողական հիմնարկում։
Ընդ որում, Փաշինյանը հանդես է գալիս ժողովրդի անունից՝ պարբերաբար ընդգծելով, թե ժողովուրդն է ՀՀ երկրորդ նախագահից հաշվեհարդար տեսնելու թե՛ «Մարտի մեկի» համար, թե՛ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը, ըստ Փաշինյանի, ուռճացնելու համար․ «...Ու ժողովուրդը նաև սրա համար ա քեզ երկար ժամանակով ուղարկելու քրեակատարողական հիմնարկ․․. Հիմնավորիր քո ասած հինգ հազար զոհը, հիմնավորիր, որ հինգ հազար զոհ ա եղել...»։
Եթե հիշում եք՝ մինչև երեկվա սպառնալիքներով ու վիրավորանքներով լի ուղիղ եթերը Փաշինյանը մեկ այլ ուղիղ եթերով էլ նորից սպառնացել էր «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանին՝ հայտարարելով, թե նրան դատի է տալու ու հենց դատարանի դահլիճում չինական սունկ է կերցնելու։ Փաշինյանը ջղաձգվել էր Կարապետյանի այն ենթադրություններից հետո, որ ինքը Չինաստանից հալուցինացիաներ առաջացնող մեկ տոննա սունկ է բերել, և երբ այդ սունկն ուտում է, սկսում է անհեթեթություններ խոսել։
Փաշինյանի սպառնալիքն արդեն միս ու մարմին է ստացել՝ մեղադրական հայցն արդեն դատարան է ներկայացվել։ Այնպես որ, որևէ մեկս չենք կասկածում, որ նաև Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հնչեցրած սպառնալիքը մոտ օրերս որևէ դրսևորում կստանա, հավանաբար կամ նորից «Մարտի մեկի» հանգամանքով, կամ հինգ հազար զոհերի մասին «զրպարտության» հանգամանքով գործեր կհարուցվեն։ Չնայած Փաշինյանի երևակայության թռիչքը շատ ավելի անսահմանափակ է, և կարող է ինչ-որ ենթադրյալ շինծու գործ ջրի երես հանվի՝ գաղտնալսումներով, ընտրակաշառքի մասին պնդումներով համեմված, անկասկած վկաներ էլ կգտնվեն։ Բայց եթե իր մրցակից Սամվել Կարապետյանի դեմ անձամբ է վարչապետը հայց ներկայացրել դատարան, ապա հավանաբար Ռոբերտ Քոչարյանի դեպքում հաշվեհարդարի օպերացիայում կներգրավվի ողջ իրավապահ համակարգը։ Եվ այս առումով գուցեև երեկվա ֆեյսբուքյան ուղերձը նաև իբրև իրավապահ համակարգին հստակ հանձնարարություն համարվի, ինչի ականատեսը մենք բազմիցս ենք եղել․ երբ Փաշինյանը մեկ կամ մի քանի օր առաջ որևէ պաշտոնյայի կամ կառավարության համակարգում աշխատող աշխատակցի վերաբերյալ սպառնալից հայտարարություններ է արել, որից հետո թիրախավորված անձը կամ կալանավորվել է, կամ նրա դեմ գործեր են հարուցվել, կամ լավագույն դեպքում նա աշխատանքից ազատվել է։
Երևի այդ գիտակցումով էլ երեկ արձագանքելով Փաշինյանի ուղերձին՝ Ռոբերտ Քոչարյանը ենթադրեց, որ Փաշինյանը Բաքվից հերթական պատվերն է ստացել այս անգամ իրեն կալանավորելու մասին։ «Ղարաբաղն ունեցել է չորս նախագահ, երեքը Բաքվի բանտում են, երևի պուլտով ասել են՝ մեկն էլ էդտեղ պիտի լինի։ Սա ես ենթադրում եմ»։
Գուցեև պատահական չէին օրեր առաջ Բաքվից հնչած այն պաշտոնական հայտարարությունները, թե այնտեղից ուշադիր հետևում են քարոզարշավի ընթացքին և նաև Ադրբեջանի նկատմամբ մասնավորապես ընտրություններին մասնակցող որոշ ընդդիմադիր ուժերի կողմից ռևանշիստական դրսևորումներ են նկատում։ Ի դեպ, ընդդիմությանը, հատկապես ՀՀ նախկին նախագահներին ռևանշիզմի մեջ մեղադրելու ադրբեջանական հայտարարությունները արդեն կայուն սովորություն են դարձել և այդ թեման օրակարգ մտցնողը Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևն է, որը քիչ է՝ Արցախի պատերազմին մասնակցած նախագահներին ու ՀՀ ռազմաքաղաքական վերնախավին ռևանշիստներ է անվանում, դեռ հրահանգում է, որ Հայաստանի իշխանությունները դատապարտեն նրանց և բանտ ուղարկեն։ Գուցե հիմա Ալիևն իր պատվերն ավելի՞ է խստացրել, և Փաշինյանին ընդամենը պատրվակ էր հարկավոր Ալիևի այդ հրամանը շուտափույթ ի կատար ածելու և նրան գոհացնելու համար։ Ժամանակը ցույց կտա։
Թագուհի Ասլանյան

Русский