«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անակնկալների մեջ պահել ոչ միայն հանրությանը, այլև սեփական թիմին։ Վերջին շրջանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շրջանակներում դժվարանում են հասկանալ վարչապետի քաղաքական և կադրային որոշումների տրամաբանությունը։
«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մի շարք նշանակումներ և վերադասավորումներ իրականացվում են արագ և հաճախ առանց նախնական լայն քննարկումների, ինչն էլ թիմի ներսում առաջացնում է անորոշություն ու զարմանք։ Վերջին ամիսներին նման քննարկումների առիթ են դարձել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ ստեղծված իրավիճակը, Արայիկ Հարությունյանի՝ վարչապետի աշխատակազմից խորհրդարան տեղափոխվելը, ինչպես նաև այլ կադրային փոփոխություններ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հերթական անակնկալը կապված է «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարման հետ։
Մինչ այս իշխանական շրջանակներում գրեթե որոշված էր համարվում, որ գործարանի ժամանակավոր կառավարիչ կնշանակվի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Ըստ նույն աղբյուրների՝ նա արդեն պատրաստվում էր նոր պաշտոնին, հավաքել էր իրերը նախարարությունում և սպասում էր տեղափոխմանը։
Սակայն կառավարության երեկվա նիստից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հայտնել է, որ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը լինելու է ոչ թե փոխնախարար Զաքարյանը, այլ վարչապետի օգնական, Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը։
Այս որոշումն անակնկալի է բերել թե՛ նախարարության աշխատակիցներին, թե՛ գործարանի հետ կապված գործընթացներում ներգրավված պաշտոնյաներին։ Արդյունքում Զաքարյանը մնացել է նախկին կարգավիճակում, իսկ արդեն սկսված տեղափոխության գործընթացը փաստացի դադարեցվել է։
Իշխանական կուլիսներում այս փոփոխությունը դիտարկվում է որպես ևս մեկ ազդակ, որ Փաշինյանը շարունակում է անձամբ և հաճախ վերջին պահին վերաձևել իր թիմի ներսում ազդեցության և պատասխանատվության բաշխումը»։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեսանյութ է փոխանցվել, որտեղ երևում է, թե ինչպես են «Գլինկա Մոլ»-ի սեփականատեր համարվող եղբայրները տեղաշարժվում թիկնազորի ուղեկցությամբ։
Մեզ փոխանցված տեղեկությունների համաձայն՝ նրանք գրեթե ամեն օր այցելում են Սարյան փողոցի սրճարաններից մեկը։ Սովորաբար եղբայրները նստում են իրենց հյուրերի կամ ընկերուհիների հետ, իսկ նրանց ուղեկցող թիկնապահները՝ առանձին սեղանի շուրջ՝ մշտապես վերահսկելով իրավիճակը։ Հաճախ իրենց գերթանկարժեք ավտոմեքենաները կանգնեցնում են 2-րդ գծում։
Այս տեսարանը հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի՝ հեղափոխությունից հետո հնչեցրած հայտարարությունները, երբ նա պնդում էր, որ Հայաստանում այլևս չպետք է լինեն գործարարներ կամ օլիգարխներ, որոնք շրջում են թիկնազորի ուղեկցությամբ։
Այս հայտարարությունը մնացել է օդում և մինչ այս վերաբերել է միայն ընդդիմության ներկայացուցիչների թիկնազորին գետնին պառկեցնելուն։ Ինքը՝ Փաշինյանն էլ, դժգոհ է ուժայինների աշխատանքից։
Իսկ ովքե՞ր են տեսանյութում երևացող եղբայրները։
Պետական ռեգիստրի տվյալներով՝ Դավիթ Ահարոնյանը «Բրոք Սերվիս» ՍՊԸ-ի՝ Electronic Regis.pdf («Գլինկա Մոլ») 100 տոկոս բաժնետերն է, ինչպես նաև «Ռուսբայն» ՍՊԸ-ի 100 տոկոս սեփականատերը՝ Electronic Register, (1).pdf, որոնք երկուսն էլ «Գլինկա Մոլ»-ն են սպասարկում։
Նրանց անունները լայն հանրությանը հայտնի դարձան դեռևս 2018-2019 թվականներին, երբ Երևանի այն ժամանակվա քաղաքապետ Հայկ Մարությանը Նոր Նորք վարչական շրջանում քանդեց շինարարական խախտումներով և ապօրինի կառուցված շինություն, որը կապվում էր նույն եղբայրների հետ։
Այս թեմային անդրադարձել էր նաև բլոգեր Արթուր Չախոյանը։
Հետագա տարիներին նրանց անունները կրկին հայտնվեցին հանրային քննարկումների կենտրոնում՝ արդեն Երևանի քաղաքապետարանի հետ կապված մի շարք դատական գործընթացների համատեքստում։
Արթուր Չախոյանի պնդմամբ՝ եղբայրները կիրառում են հետևյալ սխեման․ դիմում են համայնքային հողատարածքներ ստանալու համար, քաղաքապետարանը սահմանված ժամկետում չի պատասխանում դիմումներին, ինչից հետո մտնում են դատարան։ Դատարանների որոշումների արդյունքում ստանում հողատարածքները, իրականացրել շինարարություն կամ շուկայական արժեք +15% ստանում են փոխհատուցում։
Այսպիսով, քաղաքապետարանը հաճախ կամ չի մասնակցել դատական նիստերին, կամ պատշաճ կերպով չի պաշտպանել համայնքի շահերը, որից օգտվել են եղբայրները։
Հիշեցնենք, որ 2025-ի նոյեմբերին կալանավորվել էր փաստաբան Արմինե Հարությունյանը, որին մեղադրանք է առաջադրվել դատավորին խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։
Նույն քրեական գործով Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի «Աջափնյակ-2» նստավայրի նախկին գործավար Էմիլյա Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել դատավորին խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու համար։
Իսկ Անահիտ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել դատավորին խոշոր չափերով կաշառք տալու համար։
Մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, թե այս քրեական գործը կարող է առնչվել «Գլինկա Մոլ»-ի սեփականատերերին, սակայն գործով մեղադրյալներից մեկը իր հարազատի միջոցով ArmLur.am-ին հայտնեց, որ որևէ առնչություն «Գլինկա Մոլ»-ի հայտնի եղբայրների հետ չկա։
Ստացվում է՝ տարիներ շարունակ հանրային քննարկումների կենտրոնում հայտնված, քաղաքաշինական և դատական գործընթացներով հիշատակված նույն գործարարները ոչ միայն շարունակում են ակտիվ գործունեությունը, այլև այսօր էլ առանց որևէ կաշկանդվածության տեղաշարժվում են թիկնազորի ուղեկցությամբ Երևանի կենտրոնում։
Եվ եթե Նիկոլ Փաշինյանը հեղափոխությունից հետո հայտարարում էր, որ Հայաստանում այլևս չեն լինելու թիկնազորով շրջող գործարարներ, ապա այսօր այդ պատկերն ակնհայտորեն վերադարձել է։ Միևնույն ժամանակ, Տիգրան Ավինյանի ղեկավարած Երևանի քաղաքապետարանը, ըստ հրապարակային պնդումների, համայնքի շահերը դատարաններում պատշաճ կերպով չի պաշտպանում»։

Русский