Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Փաշինյանի հերթական կադրային անակնկալը․ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը փոխվել է վերջին պահին. «Ժողովուրդ»

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է անակնկալների մեջ պահել ոչ միայն հանրությանը, այլև սեփական թիմին։ Վերջին շրջանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շրջանակներում դժվարանում են հասկանալ վարչապետի քաղաքական և կադրային որոշումների տրամաբանությունը։

«Ժողովուրդ»-ի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ մի շարք նշանակումներ և վերադասավորումներ իրականացվում են արագ և հաճախ առանց նախնական լայն քննարկումների, ինչն էլ թիմի ներսում առաջացնում է անորոշություն ու զարմանք։ Վերջին ամիսներին նման քննարկումների առիթ են դարձել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի շուրջ ստեղծված իրավիճակը, Արայիկ Հարությունյանի՝ վարչապետի աշխատակազմից խորհրդարան տեղափոխվելը, ինչպես նաև այլ կադրային փոփոխություններ։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հերթական անակնկալը կապված է «Արարատցեմենտ» գործարանի ժամանակավոր կառավարման հետ։

Մինչ այս իշխանական շրջանակներում գրեթե որոշված էր համարվում, որ գործարանի ժամանակավոր կառավարիչ կնշանակվի Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ Ըստ նույն աղբյուրների՝ նա արդեն պատրաստվում էր նոր պաշտոնին, հավաքել էր իրերը նախարարությունում և սպասում էր տեղափոխմանը։

Սակայն կառավարության երեկվա նիստից հետո իրավիճակը կտրուկ փոխվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին հայտնել է, որ «Արարատցեմենտի» ժամանակավոր կառավարիչը լինելու է ոչ թե փոխնախարար Զաքարյանը, այլ վարչապետի օգնական, Արագածոտնի նախկին մարզպետ Դավիթ Գևորգյանը։

Այս որոշումն անակնկալի է բերել թե՛ նախարարության աշխատակիցներին, թե՛ գործարանի հետ կապված գործընթացներում ներգրավված պաշտոնյաներին։ Արդյունքում Զաքարյանը մնացել է նախկին կարգավիճակում, իսկ արդեն սկսված տեղափոխության գործընթացը փաստացի դադարեցվել է։

Իշխանական կուլիսներում այս փոփոխությունը դիտարկվում է որպես ևս մեկ ազդակ, որ Փաշինյանը շարունակում է անձամբ և հաճախ վերջին պահին վերաձևել իր թիմի ներսում ազդեցության և պատասխանատվության բաշխումը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Send