Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալ ներկայացած մի տղամարդ փորձել է ազատ արձակել Լուիջի Մանջիոնեին, որը մեղադրվում է 2024 թվականի դեկտեմբերին «UnitedHealthcare» ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Բրայան Թոմփսոնին սպանելու մեջ, հաղորդել է «CBS News»-ը։
Մարկ Անդերսոնը գնացել է Բրուքլինի դաշնային բանտ՝ ներկայանալով որպես ՀԴԲ գործակալ, պնդել է, որ ունի դատավորի որոշում բանտարկյալին ազատ արձակելու վերաբերյալ։ Աղբյուրի համաձայն, խոսքը վերաբերել է Մանջիոնեի ազատ արձակմանը։ Անդերսոնը Նյու Յորք է եկել աշխատանքի համար, որը չի ստացվել. այդ ժամանակվանից ի վեր նա աշխատել է պիցցերիայում։ Աղբյուրը նշել է, որ նա 36 տարեկան է և ծնունդով Մանկատոյից է, Մինեսոտա։
Երբ Բրուքլինի կալանավայրի սպաները խնդրել են անձը հաստատող փաստաթուղթ, տղամարդը ցույց է տվել Մինեսոտայի վարորդական իրավունքը և պնդել, որ զենք ունի։ Նրա անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել են խորովածի պատառաքաղ և կլոր պողպատե շեղբ։
Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Անդերսոնը պնդել է, որ իրեն հետապնդում է մեքսիկական «Խալիսկո - նոր սերունդ» կարտելը և ցանկանում է ձերբակալվել։ Աղբյուրը նշել է, որ չկա որևէ ցուցում, որ Մանջիոնեն ինչ-որ բան է իմացել միջադեպի մասին։
50-ամյա Թոմփսոնը սպանվել է 2024 թվականի դեկտեմբերին Նյու Յորքում։ 26-ամյա Մանջիոնեն ձերբակալվել է գործադիրի սպանության կասկածանքով։

Русский