Հունվարի 10-ին Հաղարծին վանական համալիրում տեղի ունեցավ քահանայից 2026թ․-ի անդրանիկ ժողովը։
Ի թիվս քննարկված մի շարք հարցերի՝ Տավուշի թեմի հոգևորականաց դասը անդրադարձավ վերջին օրերի ցավալի և տխրահռչակ հայտարարություններին, որոնց հեղինակը հանդիսացող գրեթե երկու տասնյակ քահանաներ իրենց դուրս դրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կանոնական և նվիրապետական ընթացքից։
Տավուշի թեմի հոգևորականաց դասը՝ գլխավորությամբ թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանի, աներկբայորեն վերահաստատեց իր ուխտը՝ հավատարիմ մնալ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ուղղափառ վարդապետությանը, ծիսականոնական դրույթներին և Սուրբ Թադեի Աթոռի գահակալին՝ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
Ելնելով ստեղծված անընդունելի իրավիճակից՝ վերստին հաստատում ենք, որ շարունակելու ենք մեր հոգևոր ծառայությունը նույն նվիրումով, արդարության և արդարասիրության բարձր գիտակցությամբ, հավատարիմ Սուրբ Գրքի ճշմարտությանը և Եկեղեցու Սրբազան ավանդությանը՝ ի սեր մեր հավատավոր ժողովրդի։
Ժողովական հայրերը նաև որոշում ընդունեցին՝ ամեն չորեքշաբթի ժամը 11-ին Տավուշի թեմի բոլոր գործող եկեղեցիներում կատարել կարգ աղոթից՝ Հայոց պետականության, մեր աշխարհասփյուռ հայրենակիցների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անխախտության ու անսասանության համար։
Թող Տիրոջն ուղղված աղոթքները միասնության և ոչ թե բաժանման ոգի դնեն մեր սիրելի և տառապյալ ժողովրդի սրտում։ «Կատարյալ խոնարհությամբ, հեզությամբ և համբերությամբ հանդուրժեցեք միմյանց սիրով, ջանացեք պահել ոգու միությունը խաղաղության կապով» (Եփես․ 4, 2-3):
Աստված բոլորիդ պահապան։
Տավուշի թեմ

Русский