Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ալեն Սիմոնյանն ու Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն են հայտնել միմյանց

Blog Image

Նախագահի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել Ալեն Սիմոնյանի ու Վահագն Խաչատուրյանի հանդիպման մասին.

«Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է Ազգային ժողովի նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ:

Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել ընդունելության, համատեղ աշխատանքի և համագործակցության համար:

«Ես ճիշտ համարեցի, որ պաշտոնավարման ժամկետի ավարտին Ազգային ժողովի նախագահը գա և Ձեզ նույնպես շնորհակալություն հայտնի աշխատանքի, համագործակցության, ձեր՝ թե՛ ընկերական, թե՛ գործնական խորհուրդների ու աջակցության համար: Շատ բարձր եմ գնահատում այն ընկերությունը, ավագ ընկերոջ կարգավիճակը, որ դուք ունեք իմ սրտում, իմ հոգում, իմ մտքում»,- նշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Նախագահ Խաչատուրյանը կարևորել է 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքը և Ալեն Սիմոնյանի դերը՝ խորհրդարանը 2021-2026 թվականներին ղեկավարելու գործում:

«Ես ինքս եղել եմ Ազգային ժողովի պատգամավոր 1995-1999 թվականներին, շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում խորհրդարանական մթնոլորտ, քննարկումներ, բայց, ի տարբերություն այն տարիների, 2021-2026 թվականներն առանձնահատուկ էին իրենց բոլոր խնդիրներով, որոնց պայմաններում մենք ապրել ենք: Մենք միասին ենք անցել այս շրջանը՝ 2022 թվականի մարտից, որպես Հանրապետության նախագահ, բայց մինչև այդ՝ որպես նախարար:

Ես շնորհակալ եմ նաև այն աջակցության համար, որ ցուցաբերել եք և՛ այն ժամանակ, և՛ դրանից հետո՝ որպես Հանրապետության նախագահ: Այն, ինչ կատարեց այս գումարման Ազգային ժողովը, հավատացեք, պատմական է: Պատմական է նաև իր ընդունած որոշումներով: Դուք 1990 թվականից մինչև հիմա Ազգային ժողովի նաև միակ նախագահն եք, որը գլխավորել է Ազգային ժողովն ամբողջ գումարման ընթացքում: Սա ևս մեր ժողովրդավարության հասունացման ձեռքբերումներից է»,- ընդգծել է Հանրապետության նախագահը:

Send