Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ

Blog Image

Ռուսաստանը հայտարարում է, որ կշարունակի ջանքեր գործադրել, որպեսզի Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ միջազգային քննարկումները տեղափոխվեն Ժնևից այլ հարթակ։ Շվեյցարիան, ըստ Մոսկվայի գնահատականի, այլևս չի կարող համարվել չեզոք միջնորդ։

ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի խոսքով՝ Ռուսաստանը բազմիցս բարձրացրել է այս հարցը և շարունակում է այն առաջ մղել։ Նա նշել է, որ Շվեյցարիայի կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալը, Մոսկվայի կարծիքով, խաթարել է նրա չեզոքության կարգավիճակը։ Բացի այդ, Մոսկվա-Ժնև ուղիղ ավիահաղորդակցության բացակայությունը, որը նույնպես կապված է պատժամիջոցների հետ, դժվարացնում է բանակցություններին պատվիրակությունների մասնակցությունը։

ՌԴ փոխարտգործնախարարը ընդգծել է, որ Ռուսաստանը կողմ է նոր բանակցային հարթակի ընտրությանը՝ հաշվի առնելով ոչ միայն իր, այլև բոլոր մասնակիցների շահերն ու հարմարավետությունը։ Նրա խոսքով՝ միջազգային այս քննարկումներին մասնակցող հինգ պատվիրակություններից երեքը՝ Ռուսաստանը, Աբխազիան և Հարավային Օսիան, արդեն աջակցում են հարթակի տեղափոխմանը։

«Մեր դաշնակիցները մեզ աջակցում են, և մենք ակնկալում ենք, որ մյուս համանախագահներն էլ այս հարցին կվերաբերվեն լրջորեն», — նշել է Գալուզինը։

Send