Մասիս խոշորացված համայնքի Ռանչպար գյուղի բնակիչներն ահազանգում են, որ ամսից ավելի է՝ գյուղի միջով հոսող Սևջուր գետի (Մեծամոր գետի ստորին հոսանքը) հունը չմաքրվելու պատճառով, հերթական անգամ առատ տեղումներից, գետը վարարել է։
Այն ողողել է գյուղի ցանքատարածությունները, այգիներն ու ջերմոցները, անգամ լցվել է բնակելի բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերը՝ անհարմարություններ առաջացնելով բնակիչների համար, ինչպես նաև վտանգելով շենքերի հիմքերը։
Գյուղացիները դրանում մեղադրում են նաև տեղի ավազահանքերի սեփականատերերին, որոնք, ավազի վերամշակումից հետո, ամբողջ թափոնը լցնում են գետը՝ ավելի ու ավելի աղտոտելով այն և ահագնացնելով աղետալի վիճակը։ Նրանց դրա համար չեն տուգանում ու չեն սաստում, որպեսզի գետը չօգտագործեն իբրև թափոնների գերեզմանոց։
Գյուղում ստեղծված իրավիճակի մասին MediaHub-ը փորձեց պարզաբանում ստանալ Ռանչպար գյուղի վարչական ղեկավար Վահան Վարդանյանից, որն էլ ասաց, որ գյուղի համար այդ աղետալի վիճակը նորություն չէ․ ամեն տարի նրանք նույն խնդրի առաջ են հայտնվում, պարզապես այս տարի, նաև տեղումներով պայմանավորված, ստեղծված վիճակը բավականին երկար տևեց։ «Եթե նախկինում մայիսից արդեն ջուրը սկսում էր նահանջել, այս տարի երեք ամիս է՝ ջրի մակարդակը դաշտերում, ցանքատարածքներում ու այգիներում կայուն պահպանվում է, չի ներծծվում, քանի որ գետի հունն էլ չի կարգավորվում։ Ի վերջո, քանի դեռ գետի հունն աղտոտված է ու տարեցտարի ավելի է աղտոտվում, այս հարցը առկախ է մնալու։ Միակ լուծումը գետը հիմնովին մաքրելն է և հետևելը, որպեսզի այն չաղտոտվի»,- ասաց վարչական ղեկավարը։
Նա նաև հայտնեց, որ խնդրի մասին բազմիցս զեկուցագրերով դիմել են համայնքապետարան, համայնքից էլ զեկուցագրերն ուղարկվել են մարզպետարան կամ պատասխանատու այլ գերատեսչություններ, սակայն խնդիրը մինչև հիմա անգամ լուծման ընթացք չի ստացել։
Այս պահի դրությամբ էլ դաշտերն ու այգիներն ամբողջությամբ ջրով են ողողված։ Ուստի գյուղացիներն այս սեզոնին որևէ մշակաբույս չեն կարողացել տնկել, չեն կարողացել մշակել իրենց հողերը և որևէ օգուտ ստանալ դրանից, այնինչ այդ մարդկանցից պարտաճանաչորեն պահանջում են վճարել հողի հարկերը՝ առանց հաշվի առնելու ստեղծված իրավիճակը։
Թագուհի Ասլանյան

Русский