Փարաքարի համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը տեղի չունեցավ մեկ օրում, այն տևական լարվածության արդյունք էր ու այդ ողջ ժամանակահատվածում իրավապահները որևէ քայլ չձեռնարկեցին, որպեսզի կանխեն հասունացող սպանությունը, իսկ ողբերգությունից հետո որևէ դատավճիռ, որքան էլ այն խիստ լինի, այլևս հետ չի բերի երիտասարդ մարդու կյանքը։
Նմանատիպ իրավիճակ է ստեղծվել նաև Վեդիում, անչափահաս քույրերը սեռական բռնության են ենթարկվել ոչ մեկ օրում, առաջին ահազանգը եղել է փետրվար ամսին։ Նույնիսկ եթե առաջնորդվենք այն կանխավարկածով, որ չկային բավարար ապացույցներ մանկապիղծներին կալանավորելու համար, այնուամենայնիվ ահազանգը արդեն հնչեցված էր, իրավապահները պետք է շուրջօրյա հսկողություն սահմանեին ոճրագործների նկատմամբ, իսկ սոցիալական ծառայություններն այդ ընտանիքը պետք է պահեին ուշադրության կենտրոնում։ Սակայն տեղի չունեցավ ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը ու արդյունքում այդ երեխաները բռնության ենթարկվեցին այնքան ժամանակ, մինչև թաքցնելը դարձավ անհնարին։ Նույնիսկ ոչ թե թաքցնելը, այլ եթե տվյալ պարագայում չլիներ լրագրող Սյուզի Բադոյանը։ Միայն վերջինիս բարձրացրած աղմուկից ու երևույթին հնչեղություն տալուց հետո «սայլը տեղից շարժվեց»։
Այսօր արդեն ձերբակալված է գործով անցնող երկու անձ, նույնիսկ եթե նրանց դատապարտեն ցմահ ազատազրկման, դա չի վերականգնի անչափահաս քույերին հասցված վնասը, թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական առումներով։ Որևէ մեկը չի կարող երաշխավորել, թե նման տևական ժամանակ սեռական բռնությունների ենթարկվելը ինչպիսի ավերածություններ կթողնի նրան հետագա կյանքի վրա, հոգեբանական ինչ անշրջելի հետևանքների կարող է հասցնել։
Մինչդեռ թե՛ Փարաքարի սպանությունը, թե՛ Վեդիի պարբերական բռնաբարությունները կարող էին տեղի չունենալ, եթե պատկան մարմինները գտնվեին իրենց տեղում։
Երբևէ իրավապահները իրենք իրենց հարց տվե՞լ են, թե որն է իրենց աշխատանքի բնույթը։ Եթե ոստիկանները կարծում են, որ իրենց հիմնական գործառույթը հանցագործությունից հետո անձին ձերբակալելն է, եթե քննիչները կարծում են, որ իրենք աշխատում են միայն նրա համար, որպեսզի անձին մեղադրանք առաջադրեն, ապա չարաչար սխալվում են։ Իրավապահների առաջին պարտականությունն է, որպեսզի թույլ չտան հանցանքի կատարումը։
Բժշկության մեջ ապացուցված է, որ շատ ավելի հեշտ է հիվանդությունը կանխարգելելը, քան բուժելը, իսկ իրավաբանության պրակտիկայում ապացուցված է, որ քրեական օրենսգրքի խստացումը չի հանգեցնում հանցագործությունների նվազեցմանը, հետևաբար որպեսզի հանցագործությունները կրճատվեն, ապա առաջին հերթին անհրաժեշտ է կանխարգելիչ գործողություններ ու մշտական աշխատանք։
Հաշվի առնելով այս ամենը, կարող ենք արձանագրել, որ մեր իրավապահ համակարգում կա լուրջ խնդիր, ոչ միայն աշխատանքների թերացման, այլ իրենց դերի ու կոչման ոչ բավարար գիտակցման առումով։ Մինչև իրավապահ համակարգում տեղի չունենան լրջագույն փոփոխություններ, մինչև համակարգն իր առաջնային նպատակը չդարձնի հանցագործությունների կանխարգելումը, ցավալիորեն թե՛ Փարաքարի ու թե՛ Վեդիի դեպքերն ունենալու են շարունակական բնույթ։
Կարեն Կարապետյան

Русский