Որոշ ՔՊ-ականներ ինտենսիվ գեներացնում են այն մոտեցումը, որ նախկինում մենք քաղաքականապես անկախ չենք եղել ու Հայաստանում ամեն ինչ թելադրում էր Ռուսաստանը, իսկ այսօր արդեն ինքնիշխան ենք ու մենք ենք որոշում մեր արտաքին քաղաքականությունը։
Եթե առաջնորդվենք այդ կանխավարկածով, ապա տրամաբանությունը հուշում է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը զուգահեռ պետք է հարաբերությունները կարգավորվեին նաև Ռուսաստանի հետ։ Սակայն երբ արտաքին քաղաքականությունը կառուցման հիմքում աշխարհաքաղաքական կենտրոններից մեկի հետ սերտ հարաբերությունների հաստատումն է, իսկ մյուսի հետ հարաբերությունների խզումը, ապա առաջնորդվելով ՔՊ-ական տրամաբանությամբ, ստացվում է, որ մենք ոչ թե ձեռք ենք բերում ինքնիշխանություն, այլ ուղղակի փոխում ենք տերերին։ Եթե մինչ այդ Ռուսաստանն էր թելադրում մեր արտաքին քաղաքականությունը, ապա այսուհետ նրա փոխարեն դա անելու է Արևմուտքը։
Իրական ինքնիշխանությունը ենթադրում է նաև անհրաժեշտության դեպքում կոշտ գնահատական կողմերից թե՛ մեկի ու թե՛ մյուսի հանդեպ, այնինչ այսօր ՀՀ իշխանությունները կտրուկ արձագանքում են միայն Ռուսաստանից հնչող գնահատականներին, իսկ մնացյալ դեպքերում հանդես են բերում բացահայտ շողոքորթություն, նույնիսկ այդ դեպքում, երբ որևէ մի պետություն անցնում է Հայաստանի հետ «գործընկերության» թույլատրելիության սահմաններն ու ոչ միայն խառնվում ՀՀ ներքին կյանքին, այլև գնահատականներ տալիս նրա քաղաքացիներին։
Երբ Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն իր բացահայտ աջակցությունը հայտնեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին, հայկական կողմը ոչ միայն չսաստեց մեր ներքաղաքական կյանքին խառնվելու համար, այլև շնորհակալություն հայտնեց նրան։ Գրեթե նույնը տեղի ունեցավ նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյդի Վենսի պարագայում։
Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալևին, ապա Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ, որին միացել էր տեսակապով, նա ուղիղ գնահատական տվեց ու վիրավորեց ՀՀ քաղաքացիներին, անվանեկով նրանց սեպարատիստներ։
Ու կրկին հայկական կողմից չհնչեց որևէ սաստող հայտարարություն, որևէ զգուշացում։ Եթե սա է ՔՊ-ի պատկերացրած ինքնիշխանությունը, ապա այն տեղավորվում է «ով էշ, մենք փալան» տրամաբանության մեջ ու այդ ամենի հետևանքը լինելու է Հայաստանը աշխարհաքաղաքական շահերի բախման «պալիգոնի» վերածելը։
Կարեն Կարապետյան

Русский