Հայաստանը վաղուց կառավարվում է ֆեյսբուքով. արդեն մի քանի ամիս է՝ գրառումներն այլևս մոդա չեն, վարչապետ-նախարար-փոխնախարար-պատգամավորներ` բոլորը ռիլեր, լայվեր են նկարահանում։
Փաշինյանն է երկիրը Ֆեյսբուքից կառավարելու հիմքը դրել։ Հայաստանի վերջին իշխանության առաջին բլոգերը նա է։
Մեդիան, սոցցանցերը կոնկրետ Հայաստանի իշխանությունների համար ամեն օր հանրության ուշադրության կենտրոնում մնալու, անգամ երկրորդական թեմաներով իրենց մասին հիշեցնելու գործիք են։
Իշխանության ներկայացուցիչները գրեթե ամեն օր հարցազրույցների են գնում, ճեպազրույցներ են տալիս։ Կառավարման բոլոր ոլորտները լիարժեք լուսաբանվում են, բայց բարձրաստիճան գրեթե բոլոր պաշտոնյաները կառչած են սոցցանցերից, ամենօրյա ռեժիմով իրենց մասնակցությամբ տեսանյութեր են նկարահանում, բլոգեր են դարձել։ Այսկերպ իշխանությունները նաև մեկ այլ նպատակ ունեն՝ ստուգել հանրության տրամադրվածությունն իրենց նկատմամբ։ Համախոհների ու ընդդիմադիրների թիվն են պարզում, որը մեծ հավանականությամբ արտացոլվելու է ընտրություններում։
Ընտրությունները մոտենում են, և պաշտոնյաններն այն աստիճանի են մտել բլոգերի դերի մեջ, որ հաճախ մոռանում են իրենց դիրքը, կարգավիճակը, իջնում կենցաղային մակարդակի, բամբասանքով զբաղվում, անցնում թույլատրելիի սահմանները։
Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, ճիշտ է, տեսանյութը ջնջել է իր էջից, բայց արդեն տեսել ենք, թե ինչպես է ձեռ առնում բժիշկներին ու ծիծաղում նրանց վրա։
Վերարտադրվելու գերնպատակին լծված՝ Քպ-ն ջանում է ռիլերով ու լայվերով ամեն օր ժողովրդի դեսադաշտում լինել. կարևոր չէ՝ ինչ կասեն կամ ինչ կանեն, սա տեխնոլոգիա է՝ անընդհատ ներկա լինել մարդկանց կյանքում, նրանց վարժեցնել իրենց, լայվերի տարափով բթացնել մարդկանց տրամաբանելու, իրենց այլ գործիչների հետ համեմատելու ընդունակությունը։ Քպ-ականների ռիլային մրցավազքը գերազանցում է Հայաստանի տնտեսական աճին էլ, գնաճին էլ։ Էլ ընդդիմության ներկայացուցիչների վրա ցեխ շպրտել, էլ քահանայի մոտ գնալ-հաշիվ պարզել, էլ թոշակի ու Թրիփի մասին գլուխ գովել։
Բայց անկրկնելին ու չգերազանցվածը եղել ու մնում է նա, որ արդեն Լեհաստանի վարչապետ Տուսկին էլ է իր ջրերը գցել։
Փաստ է՝ Փաշինյանն օրակարգ է թելադրում թե՛ ընդդիմությանը, թե՛ ժողովրդին։ Այս զույգի մշակած սցենարի հերթական գործողությունը՝ Աննա Հակոբյանը բաժանվում է ու առանձին է ապրելու։ Նախընտրական էժանագին, բայց լավ մտածված քայլը կաշխատի՝ թեկուզ խղճահարության ֆոնին մի քանի հարյուր քվե կորզելու համար։

Русский