Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Արթուր Վանեցյանը դիմեց ԱԱԾ օպերատիվ կազմին. «Տղերք, հիմա ո՞նց եք հավաքագրում անելու, ո՞նց եք գնալու, մարդուն ասելու՝ մեր հետ համագործակցի»

Blog Image

«Երբ Ազգային անվտանգության ծառայությունը մի փաստաթուղթ է գրում, որում նշվում է, որ ինչ-որ լրատվականի կամ անձի հարցմանն ի պատասխան հայտնում են, որ այս ինչ անձը գործակալ է հանդիսացել, սրանից ավելի խայտառակ, ամոթալի պատմություն նույն ԱԱԾ համար կարո՞ղ է լինել, թե՞ ոչ»,- ՍիվիլՆեթին տված հարցազրույցում ասել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԱԱԾ կողմից Եզրաս արքեպիսկոպոսի «ԿԳԲ-ի գործակալ լինելու» մասին տվյալների հրապարակմանը։

Ըստ նրա, արվել է մի բան, որով քանդել են մեր երկրի անվտանգության հիմքերը։

«Կարևոր չէ Եզրաս սրբազանը կամ այլ անձ, գործակալական ցանցում եղել են, թե ոչ, կարևորն այն է, որ ԱԱԾ «սրբության սրբոց» համարվող տեղեկատվությունը՝ գործակալական ցանցի չբացահայտելու ուխտը, որ տրվել է, այսօր ինչ-որ լրատվականի հարցումով, ինչ-որ վայրկյանի համար, այս պահին իշխանությունների՝ PR ակցիա անելու համար քանդում են մի ողջ համակարգ, ուղղակի զզվանք է առաջացնում»,- ասել է Ա.Վանեցյանը։

ԱԱԾ նախկին տնօրենը նշել է, որ ԱԱԾ-ն ամենաքիչ օպերատիվ աշխատողներ ունեցող կառույցն է,  լիազորությունների շրջանակն է՝ տեղեկատվության հայթայթում։

«Տեղեկատվությունը հայթայթում են բացառապես  գործակալական ցանցի և վստահաված անձանց միջոցով։ Գործակալական ցանցը պահվում է յոթ կողպեքի հետևում։ Եթե գործակալական ցանցը բացահայտվում է, դա նշանակում է, որ քանդում է անվտանգային մարմինների ողջ համակարգը։

Եթե այսօր հրապարակում են տեղեկատվություն՝ այդ պահին ինչ-որ արդյունք ստանալու համար, ընդ որում տեղեկատվական, թե ոչ պետությանը սպառնացող խնդիր են լուծում, ուղղակի PR ակցիա է՝ ցույց տալու, որ եկեղեցին  իբր կառավարվում է  օտարերկրյա ուժերի կողմի, մտածո՞ւմ են, որ քանդում են Հայաստանի ողջ անվտանգային համակարգը։

Հիմա անվտանգության մարմիններում ծառայող մեր տղաները ո՞նց պետք է իրենց աշխատանքը շարունակեն գործակալական ցանցի հետ, ո՞նց պետք է նոր հավաքագրումներ անեն։ Իսկ գործակալները մեզ նման մարդիկ են, Հայաստանի անվտանգության մարմինների հետ համագործակցող մարդիկ բարձր քաղաքացիական գիտակցության ունեցող հայրենասեր մարդիկ են, որովհետև այդ մարդիկ ապրելով, աշխատելով, ստանում են տեղեկատվություն, երբ հասկանում են, որ այդ տեղեկատվությունը կարող է վնասել Հայաստանի անվտանգությանը, տեղեկացնում են անվտանգության մարմինների աշխատակիցներին»,- ասել է նա։

Ա. Վանեցյանը նաև հարցադրում է արել՝ արդյո՞ք վստահ են, որ տիրադավ 10 սրբազանների մեջ, չնայած մեղք է նրանց «սրբազան» կոչելը, բոլորն անթերի կենսագրություն ունեն։

«Եթե անվտանգությունը մեզ մոտ խարխլվում է, անվտանգություն չի լինում, պետություն չի լինելու, իսկ անվտանգության աշխատակիցներն այսօր, մեղմ ասած, տարակուսած են»,- ասել է ԱԱԾ նախկին տնօրենը։

Ա. Վանեցյանն, անդրադառնալով կոնկրետ Եզրաս սրբազանի հասցեին հնչող մեղադրանքներին, նշել է. «Ասում են 1986-88 թվականներին համագործակցել է ՊԱԿ-ի՝ ԿԳԲ-ի հետ։ Ես չեմ ուզում ոչ հերքել, ոչ հաստատել, բայց կարևոր հարց կա՝ 1986-88 թվականներին Հայաստանը Խորհրդային Միության մեջ էր մտնում, հիմա Խորհրդային Միության անվտանգության մարմինների հետ համագործակցությունն ամոթալի՞ արարք է, թե՞ ոչ։ 

ԱԱԾ պատասխանում նշվում է՝  նաև տեղեկություններ կան, որ մինչ օրս համագործակցում է օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ։ Բա ինչի՞ չեք ձերբակալում, նոր իմացա՞ք այդ մասին։ 7 տարի իշխանություն եք, ինչո՞ւ չեք ձերբակալել։ Ես չեմ ունեցել նման տեղեկատվություն, եթե ունենայի, կձերբակալեի՝ անկախ նրանից՝ ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչ է, թե Ամերիկայի, թե Եվրոպայի, թե Իրանի կամ այլ տեղի։ 

Բացի այդ, Խորհրդային Միությունը մի երկիր էր, որտեղ մարդ, ով պետք է երկրից դուրս գնա՝ լիներ դերասան, գիտնական, հոգևորական, այն ժամանակ անցում էր ԿԳԲ ստուգումներով, պետք է թույլտվություն ստանար։ Շատ դեպքերում թուղթը տալիս էին, ասում էին՝ ստորագրեք, որ համագործակցում եք մեզ հետ։ 

Ես գիտեմ շատ անվանի մարդկանց, որոնք ԽՍՀՄ տարիներին հանդիսացել են ՊԱԿ գործակալներ։ Հիմա դա ոչ Եզրաս սրբազանի հեղինակությունն է բարձրացնելու, ոչ էլ հեղինակազրկելու է, բայց անվտանգային մարմինների աշխատանքի հիմքն է խարխլվում»։

ԱԱԾ նախկին տնօրենը դիմել է ԱԱԾ օպերատիվ կազմին. «Հիմա դուք՝ տղերք, ո՞նց եք հավաքագրում անելու, ո՞նց եք գնալու, մարդուն ասելու՝ մեր հետ համագործակցի։ Ո՞նց է մարդը վստահելու ձեզ՝ անվտանգության մարմիններին, որ ինչ-որ մի օր մի պետությունից չհասկացող մարդու քմահաճույքի ու PR ակցիայի համար իրենց անունը չի հրապարակվելու։ Իսկ եթե այդ համագործակցությունը չեղավ, հավատացեք, անվտանգության մարմինները լինելու են զրո»։ 

Send