Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Կատարը 12-ժամյա բանակցություններ է վարել՝ փորձելով կանխել ԱՄՆ-ի կողմից Իրանին հնարավոր նոր հարվածները. Axios

Blog Image

Կատարցի միջնորդները փորձում են կազմակերպել ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցությունների վերսկսումը՝ ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններից հետո ռազմական նոր սրացումը կանխելու նպատակով. գրել է Axios-ը։

Պարբերականի դիվանագիտական աղբյուրների փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Թեհրանում կատարցի միջնորդները բանակցություններ են վարել, որոնք տևել են ավելի քան 12 ժամ։ Նրանց նպատակն է հասնել համաձայնության, որը թույլ կտա ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել ուղիղ երկխոսությունը և կանխել նոր ռազմական գործողությունների բռնկումը։ Քննարկումները նախատեսվում է շարունակել շաբաթ օրը՝ Քաթարի մայրաքաղաք Դոհայում։

Բանակցությունների ընթացքում կատարցի միջնորդները մշտական կապի մեջ են եղել Սպիտակ տան հետ։ Դիվանագիտական աղբյուրը նշել է, որ դրական առաջընթաց է գրանցվել, թեև համաձայնագրի շուրջ աշխատանքները դեռ շարունակվում են։ «Դրական առաջընթաց կա։ Բանակցությունները շարունակվում են՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հասնելու նպատակով», - նշել է աղբյուրը։

Կատարն առաջարկել է, որ Վաշինգտոնն ու Թեհրանը պայմանավորվեն մի շարք փոխադարձ քայլերի շուրջ, որոնք կարող են իրականացվել մի քանի օրվա ընթացքում։ Սա նպատակ ունի պայմաններ ստեղծել՝ վերադառնալու ուղիղ բանակցություններին, որոնք վերաբերում են Իրանի միջուկային ծրագրին և այլ հարցերի։

Այնուամենայնիվ, կողմերը դեռ համաձայնության չեն եկել զիջումների հաջորդականության շուրջ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պնդում է, որ Իրանը միջուկային ոլորտում զիջումների գնա՝ որպես բանակցությունների վերսկսման նախապայման։ Իր հերթին, Թեհրանը պահանջում է, որ Վաշինգտոնը նախ վերացնի ծովային շրջափակումը, ապասառեցնի արգելափակված ակտիվները և թույլ տա երկրին վաճառել իր նավթը։

Հնարավոր փոխզիջումներից մեկը, որն առաջ են քաշում քաթարցի միջնորդները, ենթադրում է ՄԱԿ-ի տեսուչներին մուտքի հնարավորություն տալ դեպի Իրանի վնասված միջուկային օբյեկտներ։ Ըստ Axios-ի՝ ԱՄՆ նախագահի բարձրաստիճան խորհրդականները տարբեր տեսակետներ ունեն հետագա գործողությունների վերաբերյալ։

Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն թերահավատորեն են վերաբերվում Իրանի ներկայիս վարչակարգի հետ միջուկային համաձայնագրի կնքման հեռանկարներին։ ԱՄՆ պաշտոնյաներից մեկի խոսքով՝ նրանց կարծիքով՝ Թրամփի ժառանգությունը պետք է լինի Թեհրանի հետագա թուլացումը՝ հնարավոր է՝ լրացուցիչ հարվածների միջոցով։

Մինչդեռ, ըստ աղբյուրի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ինչպես նաև նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները, շահագրգռված են բանակցությունները վերսկսելու հարցում։

Ինքը՝ Թրամփը, կասկածում է, որ Իրանը կհամաձայնի այնպիսի գործարքի, որն ինքը ընդունելի կհամարի։ «Բանակցություններն ընթացքի մեջ են։ Նրանք ցանկանում են բանակցել։ Նրանք շարունակում են բանակցել... Անկեղծ ասած՝ մենք ժամանակ ունենք։ Սա պատերազմ է, բայց ոչ սովորական պատերազմ»,— ուրբաթ օրը լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահը։

Ֆինանսների նախարար Սկոտ Բեսենթը, ով ղեկավարում է «Տնտեսական պարիա» (Operation Economic Pariah) կոչվող տնտեսական ճնշման արշավը, նույնպես կոչ է անում ժամանակ տալ այս նախաձեռնությանը՝ փոխանակ շտապ վերադառնալու ակտիվ ռազմական գործողությունների։

Axios-ի վկայակոչած աղբյուրի համաձայն՝ տարածաշրջանի երկրները, մասնավորապես՝ Եգիպտոսը, Թուրքիան, Իրաքը, Պակիստանը և Սաուդյան Արաբիան, հորդորում են Իրանին համաձայնել վերսկսել բանակցությունները մինչև ԱՄՆ-ում կայանալիք միջանկյալ ընտրությունները։

ԱՄՆ պաշտոնյաներից մեկը ենթադրել է, որ Թրամփը կարող է ավելի հակված լինել հրամայելու լայնածավալ ռազմական գործողություն, եթե հանրապետականները ջախջախիչ պարտություն կրեն ընտրություններում։ Պաշտոնյան նշել է, որ նախագահը կարող է փորձել ուժ ցուցադրել, եթե զգա, որ կորցնում է իր քաղաքական ազդեցությունը։

«Եթե նա իրեն նվաստացած կամ ազդեցությունից զրկված զգա, ապա կդիմի համարձակ քայլի։ Հենց սա են բոլորն ասում իրանցիներին․ համաձայնության հասնելու նրանց լավագույն հնարավորությունը հենց հիմա է»,— նշել է պաշտոնյան։

Մինչդեռ, Սպիտակ տան խոսնակը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները չեն ազդի Իրանի վերաբերյալ Թրամփի որոշումների վրա։

Send