ԱՄՆ-ի Մանհեթենի դաշնային դատարանը չինացի գործարար Գուո Վենգուին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ 1 միլիարդ դոլարի խարդախության համար։
Դատարանը նրան պարտավորեցրել է 889 միլիոն դոլար վերադարձնել ԱՄՆ-ում չինական սփյուռքի հարյուրավոր անդամներին, որոնք տուժել են իր գործողությունների հետևանքով։
2000-ականների սկզբին Գուո Վենգուին Պեկինի առաջատար անշարժ գույքի կառուցապատողներից մեկն է եղել և Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը։ Նրա ընկերությունը 2008 թվականի Օլիմպիական խաղերի համար կառուցել է վիշապի տեսքով «Pangu Plaza» բնակելի և առևտրային համալիրը։ Խարդախության մեղադրանքներից հետո նա 2014 թվականին փախել է Միացյալ Նահանգներ, որտեղ սկսել է ակտիվորեն քննադատել Չինաստանի կառավարությանն ու մեղադրել բարձրաստիճան չինացի պաշտոնյաներին կոռուպցիայի մեջ։
Չինացի այլախոհի և ժողովրդավարության պաշտպանի կերպարանքով հանդես գալով՝ Գուո Վենգուին աջակցություն է ստացել ԱՄՆ-ում չինական սփյուռքից, կապեր է հաստատել բազմաթիվ պահպանողական ամերիկացի քաղաքական գործիչների հետ և եղել է Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագո գոլֆի ակումբի անդամ։
2017 թվականին նրան ապաստան է տրամադրվել Միացյալ Նահանգներում՝ Չինաստանում ենթադրյալ քաղաքական հետապնդումների հիմքով։ Նա սկսել է կառուցել նոր բիզնես կայսրություն՝ միջոցներ հայթայթելով չինական սփյուռքի անդամներից։ Նա այդ միջոցներն օգտագործեց իր շքեղ ապրելակերպը ֆինանսավորելու համար, իսկ 2022 թվականի մարտին ձերբակալվել է։ 2024 թվականի հուլիսին նա մեղավոր է ճանաչվել 1 միլիարդ դոլարի խարդախության մեջ։ Նա իրեն մեղավոր չի ճանաչել՝ պնդելով, որ միջոցներն օգտագործել է քաղաքական նպատակներով։
Դատավճիռը կայացնելիս դատավոր Անալիսա Տոռեսը նշել է, որ Գուո Վենգուին «իր կյանքը նվիրել է իր հարստությունը մեծացնելուն» և «ժողովրդավարական Չինաստանի մասին երազող մարդկանց որսալուն»։ Նրա խոսքով՝ նա «ոչ թե ժողովրդավարական ակտիվիստ էր, այլ սպեկուլյանտ, խաբեբա և գող»։

Русский