Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչո՞ւ է Ադրբեջանը թաքցնում հայ գերիների դատավճիռները

Blog Image

Բաքվի դատարանում հայ գերիների վերաբերյալ դատավճռի հրապարակումից անցել է ավելի քան մեկ ամիս, սակայն նրանցից ոչ ոք որևէ լեզվով մինչ օրս չի ստացել դատավճռի պաշտոնական պատճենները. նրանք դեռ տեղյակ չեն իրենց դատավճռի իրավական հիմքերին, ինչպես նաև անորոշության մեջ են իրենց հետագա ճակատագրի՝ տեղափոխման վայրի ու ժամկետների հարցում։

MediaHub-ի հետ զրույցում Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանն ընդգծում է, որ ստեղծված իրավիճակը ոչ միայն մարդու իրավունքների խախտում է, այլ նաև խոչընդոտում է միջազգային ատյաններ դիմելու իրավունքի իրացմանը։ Նրա գնահատմամբ՝ եթե դատավճիռները իսկապես գոյություն ունեն և օրինական են, ապա անհասկանալի է, թե ինչու չեն տրամադրվում հասցեատերերին։

«Առանց դատավճռի հնարավոր չէ իրականացնել բովանդակային և արդյունավետ բողոքարկում։ Ադրբեջանի իշխանությունների համար կանխատեսելի է, որ այդ ակտերը կարող են դառնալ եվրոպական կամ այլ ատյաններում մարդու իրավունքների պաշտպանության հարցով  բողոքի առարկա, և չտրամադրելով, նրանք փորձում են ազդել այդ իրավունքի արդյունավետ իրականցնման վրա, հակառակ դեպքում, եթե այդ դատավճիռները կայացվել են, իրական են և գրված են, ի՞նչ շարժառիթ պետք է ունենա պետությունը՝ դրանք հասցեատերերից թաքցնելու»,- նշեց Սահակյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը կարող է իրացնել իր հյուպատոսական իրավասությունները և այդ շրջանակում պահանջել ու ստանալ դատավճիռները Ադրբեջանի իշխանություններից։ Սակայն, նրա դիտարկմամբ, Երևանը մինչ այժմ չի օգտագործում այդ հնարավորությունը՝ չնայած հանրային պահանջին։

Բաքվում պահվող հայ գերիները ունեն նաև պահման պայմանների ու առողջական լուրջ խնդիրներ։

Այս պահին պահման վայրերի և պայմանների փոփոխություն չկա։ Բոլոր հայերը պահվում են մեկուսացվածության պայմաններում, Կարմիր խաչի նոր՝ մեկանգամյա այցելություն տեղի չի ունեցել։ 

«Մենք ունեցանք օմբուդսմենի հայտարարությունը, որ այցելություն եղել է հիմնարկ, բայց չկար որոշակիացում, որ հիմնարկում այցելությունը ուղեկցվել է հայերին տեսակցելով։ Եվ եթե անգամ եղել է տեսակցություն, դա որևէ արժեք չի կարող ունենալ խոշտանգումները կանխարգելելու կամ հայերի խախտված իրավունքները վերականգնելու տեսանկյունից, քանի որ օմբուդսմենը նույնպես «ադրբեջանական մեխանիզմ» է, իսկ մենք ունենք եվրոպական դատարանի իրավական գնահատականը, որ էթնիկ հայերի նկատմամբ չի կարող դրսևորվել որևէ իրավական մեխանիզմ Ադրբեջանում, քանի որ կա խտրականություն և ատելություն։ Բոլոր գերիներն ունեն առողջական խնդիրներ, որոնք լուրջ են և որոշակի ժամկետում կարող են հանգեցնել ավելի լուրջ խնդիրների. պատշաճ բուժօգնություն չի իրականացվում։ Հարազատների հետ շփումները ամբողջովին անկաշկանդ չեն, վերահսկվում են պետության հատուկ ծառայությունների կողմից, երբեմն զանգերը կարող են ըդհատվել և բերել պատժիչ գործողությունների»,- հայտնեց Սահակյանը։

Անդրադառնալով գերիների հնարավոր վերադարձին՝ Սահակյանն ասաց, որ չի բացառում նման սցենարը։

«Այդ դատավարությունները իրավական գործընթաց չեն,  քաղաքական խնդիրներին սպասարկող միջոցներ են եղել։ Եթե աշխարհաքաղաքական գործոնները և բանակցությունների դինամիկան բերեն ազատ արձակման, ապա, կարծում եմ, դատավճիռները չեն խոչընդոտի այդ գործընթացներին, և սա է պատճառը, որ մենք այն դիրքորոշումն ունենք, որ գերիների խնդիրները ոչ թե մարդասիրական են, այլ՝ քաղաքական, և գերիներն, ըստ էության, պատանդներ են, որոնց ազատ արձակումը կախված է քաղաքական օրակարգերից»,- եզրափակեց խոսքը Սիրանուշ Սահակյանը։

Ալիտա Եղիազարյան

Send