Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բնակվարձերի աճը և անբարեխիղճ տանտերերը․ոչ մի կառույց չի վերահսկում

Blog Image

«Մինչև ե՞րբ է շարունակվելու այս անտեր ու բարձիթողի վիճակը։ Որևէ մեկը կարո՞ղ է նշել կառույց, որը զբաղվում է տների վարձակալության, բրոքեր կոչված միջնորդների անօրինական աշխատանքի և նմանատիպ խնդիրների կարգավորմամբ»,- MediaHub-ին ասում է Արցախից բռնի տեղահանված Անի Մովսիսյանը, որը վերջին մեկ ամսվա ընթացքում ստիպված է եղել երկու անգամ փոխել բնակարանը՝ վարձավճարների անհիմն թանկացման պատճառով։

«Տանտերերը միջնորդների հորդորով վարձակալներին հանում են բնակարաններից, որպեսզի դրանք կրկնակի, եռակի թանկ գնով վարձակալության տան։ Ինչպե՞ս կարելի է քաղաքի ծայրամասում գտնվող 39 քմ մակերեսով բնակարանի վարձը 170 հազարից դարձնել 300 հազար դրամ»,- ասում է նա։

Նախօրեին Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր, թե ինչպես է արցախցի մի ընտանիք գիշերվա ժամը 1-ին տեղափոխվում Արցախի ներկայացուցչության շենք՝ տանտիրոջ հետ առաջացած խնդրի պատճառով։

Իսկանդարյանը MediaHub-ին հայտնել է, որ ընտանիքը ժամանակավորապես տեղավորվել է ներկայացուցչության տարածքում, քանի որ հայտնվել էր փողոցում։

«Բնակվարձերի անհիմն ու օրեցօր աճող գները որևէ կառույց չի վերահսկում։ Տանտերերն էլ օգտվում են առիթից ու թանկացնում՝ որքան ուզում են։ Կոնկրետ այս ընտանիքը մարդկային կորուստներով է տեղահանվել։ Ընտանիքի ապրուստը հոգում են կանայք, տղամարդիկ զոհվել են։ Որպեսզի նրանք չհայտնվեն փողոցում, ժամանակավորապես տեղավորել ենք ներկայացուցչությունում՝ մինչև հասկանանք, թե ինչ կարող ենք անել»,- ասել է Իսկանդարյանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում արցախցի պատգամավոր Արեգա Հովսեփյանն էլ էր բարձրացրել այդ հարցը, որին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը պատգամավորին առաջարկեց իր բնակարանն առաջարկել արցախցի որևէ ընտանիքի։ Բացի այդ Փաշինյանն Արցախի նախկին ղեկավարությանն առաջարկեց իր շենքերում անվճար տներ տալ արցախցիներին, որ կարողանան ապրել։

Հունան Թադևոսյան

Send