«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում չի հարուցվի. նման որոշում է ընդունել գլխավոր դատախազը։
«Ի պատասխան Ձեր՝ 2026 թվականի մարտի 18-ի՝ 115/34347-2026 հարցման՝ տեղեկացնում եմ, որ 2025 թվականի հունվարի 10-ին Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնված քրեական վարույթով դատախազը 2026 թվականի մարտի 23-ին որոշում է կայացրել Ա.Օ.-ի նկատմամբ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում չհարուցելու մասին»,- MediaHub-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ Արմինե Օհանյանն օրերս հրավիրվել էր ՔԿ՝ հարցաքննության։ Նա հրաժարվել է ցուցմունք տալուց։ Արմինե Օհանյանին Քննչական հրավիրելու և հարցաքննելու առիթը 2024-ի դեկտեմբերին գրված մի խմբագրական է, որն, ըստ ՔԿ-ի, պարունակում է բռնության կոչեր։
ՀՀ քննչական կոմիտեում 2025 թվականի հունվարի 10-ին ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) հատկանիշներով:

Русский