Քիչ առաջ գրել էինք, որ այսօր առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 11:20-ի սահմաններում նշված քրեակատարողական հիմնարկի ծառայողները 1-ին հարկի թիվ 1 կարանտինային խցում հայտնաբերել են կալանավորի կախված դին։
Ըստ Շամշյանի՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում բավականին լարված է։ Նաև մի քանի կալանավորներ ու դատապարտյալներ հայտարարել են հացադուլ։
MediaHub-ը Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանից փորձել ճշտել, թե ինչ է տեղի ունեցել, ո՞րն է հերթական նման դեպքի պատճառը։
Ի պատասխան մեր հարցի՝ Նավիկյանը նշեց. «Մարտի 17-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային խցում հայտնաբերվել է ս.թ. մարտի 13-ին կալանավորված, 1973թ․ ծնված անձը՝ կախված վիճակում»։
Այլ մանրամասներ մեզ չհայտնեցին, և հարցերը, թե ինչն է եղել տղամարդու ենթադրյալ ինքնասպանության պատճառը, ինչու են մյուս կալանավորները հացադուլ հայտարարել, ինչ է արվում նման դեպքերը կանխելու համար, մնացին անպատասխան։
Հասմիկ Գասպարյան

Русский