Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Բժիշկը նախազգուշացնում է դեմենցիայի ախտորոշումից 15 տարի առաջ ի հայտ եկող նշանների մասին

Blog Image

Նյարդաբան Իգոր Մացոկինը խոսել է դեմենցիայի հնարավոր զարգացման այն նշանների մասին, որոնք կարող են ի հայտ գալ հիվանդության ախտորոշումից դեռևս 10-15 տարի առաջ։ Նա ներկայացրել է այդ նախազգուշական նշանները «Լենտա»-ին տված հարցազրույցում։

Ըստ նյարդաբանի՝ քնի որոշակի խանգարումներ կարող են ի հայտ գալ դեմենցիայի սկսվելուց տարիներ առաջ։ Նա որպես առաջին նախազգուշական նշաններից մեկը առանձնացրել է խորը քնի փուլի կրճատումը։

Բժիշկը նշել է, որ վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, թե դանդաղ ալիքային քնի (խորը քնի) ընդամենը մեկ տոկոս կորուստը տարեկան կտրվածքով մեծացնում է դեմենցիայի զարգացման ռիսկը 27 տոկոսով։ «Հենց խորը քնի փուլում է ուղեղն ազատվում թունավոր սպիտակուցներից, այդ թվում՝ բետա-ամիլոիդից. հետևաբար, գիշերային հանգստի այս փուլի կրճատումը խաթարում է օրգանի՝ դետոքսիկացիայի բնական գործընթացը»,- պարզաբանել է Մացոկինը։

Նյարդաբանն ասել է, որ քնի ընթացքում շարժողական ակտիվությունը՝ մասնավորապես արագ քնի փուլում (REM) վարքային խանգարումը, ավելի յուրահատուկ ցուցիչ է։ Սովորաբար երազներ տեսնելիս մկանները կաթվածահար վիճակում են լինում, սակայն եթե մարդը սկսում է ֆիզիկապես կատարել երազում տեսած գործողությունները, դա խիստ մտահոգիչ նշան է։ «Այս խանգարումն ունեցող մարդկանց 80 տոկոսի մոտ դրա ի հայտ գալուց հետո 10–15 տարվա ընթացքում զարգանում է Պարկինսոնի հիվանդություն կամ Լեւիի մարմնիկներով դեմենցիա»,- հստակեցրել է մասնագետը։

Չափազանց մեծ քնկոտությունը նույնպես ռիսկեր է պարունակում։ Ըստ Մացոկինի՝ տարեց մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով ինը ժամից ավելի են քնում, ունենում են կոգնիտիվ ֆունկցիաների ավելի արագ անկում և բախվում են Ալցհեյմերի հիվանդության՝ կրկնակի բարձր ռիսկի։

«Բացի այդ, ցիրկադային ռիթմերի փոփոխությունը (օրինակ՝ աստիճանաբար ավելի վաղ արթնանալը կամ ցերեկային լույսի ցիկլի հետ համաժամանակացման կորուստը) կարող է վկայել սուպրախիազմատիկ կորիզի՝ ուղեղի այն հատվածի դեգեներացիայի մասին, որը կարգավորում է քունը»,- նշել է նյարդաբանը։

Send