Արցախի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը 7 ամիս անց կնոջ հետ մարտի 29-ին տեղափոխվել էր Հայաստան, սակայն, այստեղ ձերբակալվել էր, ապա կալանավորվել` լրտեսության մեղադրանքով։
MediaHub-ին հասած տեղեկություններով՝ Գալստյանի բարեկամները չեն խոսում և կապ չունեն Գալստյանի կնոջ Մարգարիտայի հետ:
Գալստյանի հարազատները MediaHub-ի հետ զրույցում նշեցին, որ Սարգիս Գալստյանը Ադրբեջանի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով պատիժը կրում է Արթիկի կալանավայրում:
Նշենք, որ Գալստյանի հարազատները MediaHub-ին պատմեցին, որ 7 ամիս մինչ ամուսինները գտնվում էին հայաթափված Ստեփանակերտում բարեկամներին հորդորում էին վերադառնալ օկուպացված Ստեփանակերտ:
«Զանգում էին, կանչում էին՝ ասում էին՝ «դիմեք ու հետ եկեք Ստեփանակերտ»։ Մասնավորապես, Մարգարիտան էր զանգում և կանչում։ Այսինքն՝ մեզ կանչում էին, որ գնանք Ստեփանակերտ ու ապրենք ադրբեջանցիների հետ, Ադրբեջանի կողմից օկուպացված Ստեփանակերտում։ Այդ պահին արդեն կասկածներ առաջացան, թե չհասկացանք՝ ինչի՞ էին կանչում մեզ հետ արդեն օկուպացված Ստեփանակերտ, հետո եկան ՀՀ, իմացանք՝ ինչեր են արել, երբ ամբողջը հայտնի դարձավ, շշկռված էինք, այս պահին էլ ոչ մի շփում չկա Մարգարիտայի հետ, միայն իմացանք, որ Սարգիս Գալստյանն արդեն Արթիկում իր պատիժն է կրում»,- նշեց Գալստյանի հարազատը։
Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թ. նոյեմբերի 22-ի դատավճռով՝ մեղադրյալ Սարգիս Գալստյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 18 տարի ժամկետով։
Հիշեցնենք, որ Սարգիս Գալստյանն Արցախի հայաթափումից հետո կնոջ հետ մնացել էր Ստեփանակերտում։ Գալստյանի կինն իր սոցիալական էջում պարբերաբար տեսանյութեր էր հրապարակում՝ Արցախի դատարկ փողոցներից։ Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել Սարգիս Գալստյանը և նրա կինը՝ սեփական ցանկությամբ։
ՀՀ սահմանը հատելուց հետո վերջիններս ձերբակալվել են, սակայն ավելի ուշ, MediaHub-ը գրել էր, որ Գալստյանի կինն ազատ է արձակվել, իսկ Սարգիս Գալստյանին, մարտի 30-ին նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, ներկայացվել է մեղադրանք լրտեսության համար։ Սարգիս Գալստյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնել էր՝ Գալստյանը նախաքննության ընթացքում տրված ինքնախոստովանական ցուցմունքից հրաժարվել է, քանի որ այն տրվել էր հարկադրանքների ներքո։

Русский