Հունիսի 17-ից հիմնանորոգման համար փակված Կիևյան կամուրջը օգոստոսի 14-ի երեկոյան կհանձնվի վերաշահագործման։ Այս մասին MediaHub-ին տեղեկացրեց կամուրջի հիմնանորոգման աշխատանքներ իրականացնող «Պրետոր» շինարարական ընկերության մարկետոլոգ Անի Կեսոյանը՝ հայտնելով, որ շահագործումից հետո թեև ամրացման աշխատանքները կշարունակվեն, սակայն դրանք չեն խանգարի կամուրջի լիարժեք շահագործմանը։
Թեև Երևանի քաղաքապետարանը նախապես տեղեկացրել էր, որ կամուրջը միայն օգոստոսի 29-ին կվերաբացվի՝ ուսումնական տարվան ընդառաջ, սակայն այն հիմնանորոգող ընկերությունը աշխատանքները նախատեսվածից արագ է կատարել այնպես, որ դրանք նախատեսված ժամկետից երկու շաբաթ շուտ են ավարտվելու։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ շինարարական ընկերությունն աշխատում է ողջ ծավալով և շինարարական ու հիմնանորոգման աշխատանքները կազմակերպվում են երկու հերթափոխով՝ շաբաթը 7 օր, առավոտյան 08:00-ից մինչև 20:00-ը։
Մեզ հետ զրույցում Անի Կեսոյանը հավաստիացրեց, որ բոլոր աշխատանքներն իրականացվել են բարձր որակով՝ ապահովելով կամուրջի հետագա շահագործման հուսալիությունն ու անվտանգությունը։ Նրա տեղեկացմամբ՝ կամուրջի վրա իրականացվող աշխատանքները ևս 15-20 տարով կերկարաձգեն դրա անվտանգ շահագործումը մինչև հերթական հիմնանորոգումը։ Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներ վերջին անգամ իրականացվել էին 2004 թվականին։ Կամուրջը գործարկվել է 1956 թվականին, տարիների ընթացքում որոշակի մաշվածության պատճառով այն մշտապես գտնվում է քաղաքային իշխանությունների ուշադրության կենտրոնում՝ հնարավոր ռիսկերը կանխելու համար։
MediaHub-ը նաև Երևանի քաղաքապետարանից ճշտեց, թե շինաշխատանքներ իրականացնող ընկերության կողմից կամուրջը շահագործման հանձնելուց հետո այն ե՞րբ կվերաբացվի։ Մեր հարցմանն ի պատասխան՝ քաղաքապետարանից տեղեկացրին, որ Հրազդանի մեծ կամուրջը նախատեսվում է բացել հենց օգոստոսի 15-ին, որից հետո կվերականգնվի նաև մայրաքաղաքի այդ հատվածով երթևեկությունը՝ նաև հանրային տրանսպորտի համար, և տրանսպորտային ցանցը այդուհետ կգործի նախկին երթուղիներով։ Այդ մասին քաղաքապետարանը լրացուցիչ կտեղեկացնի երևանցիներին։
Թագուհի Ասլանյան

Русский