«Մեր աչքի առաջ տեղի է ունեցել հսկայածավալ աշխատանք ոստիկանության և Քննչական կոմիտեի կողմից, մենք կարծում էինք, որ ճիշտ մարդիկ են կալանավորված, և Քննչական կոմիտեն կալանքի միջնորդությունների ժամանակ արդյունավետ է աշխատել, բայց դատարանները մերժել են միջնորդությունները»,- MediaHub-ի հետ զրույցում անդրադառնալով այն տեղեկությանը, որ դատարանն ազատ է արձակել Միհրան Հակոբյանի վրա հարձակում իրականացրած 4 անձին, ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
Փաստաբանը հիշեցրեց այն դեպքը, երբ խուլիգանություն կատարած անձինք այժմ կալանք են կրում։
«Մենք ունենք դեպք, երբ «հետույք» բառը եթերում օգտագործելու համար մարդ են կալանքի տակ տարել, հիմա մարդուն ծեծել են, ողջ ընթացքում հայհոյանքներ են հնչեցրել, ինչը խուլիգանություն է, դատարանն հանցանքը կատարած մարդկանց ազատ է արձակել։ Այդ հանգամանքը ես համարում եմ քաղաքական որոշակի բաղադրիչ ունեցող հանգամանք, թե ինչ քաղաքական բաղադրիչ այս պահին կդժվարանամ ասել, բայց որոշակի ներգործություն հավանական է, որ տեղի է ունեցել»,- հավելեց Մելիքյանը։
Փաստաբանը հավելեց՝ մարդիկ քողարկման լուրջ միջոցներ են ձեռնարկել, դիմակներով են եղել, ինչպես նաև Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունից պարզ է դարձել, որ ավտոմեքենայի պետհամարանիշներ են փոխվել, ինչը շատ քիչ մարդկանց է հասանելի։
Ռուբեն Մելիքյան հավելեց, որ քրեական վարույթը չի փակվել, և քննչական մարմինը շարունակում է իր աշխատանքը։
Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանը օրերս «Դալմա մոլի» ավտոկայանատեղիում ծեծի էր ենթարկվել։ Ծեծողները հայտնաբերվել էին և ձերբակալվել, սակայն հայտնի դարձավ, որ նրանք ազատ են արձակվել։ Դատարանը մերժել է նախաքննական մարմնի՝ կալանքի միջնորդությունը։
Էմմա Մարտիրոսյան

Русский