Թեհրանը խստորեն դատապարտում է Վաշինգտոնի միջամտությունը իր ներքին գործերին, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Զրույցի ընթացքում իրանցի նախարարը նշել է, որ երկրում տեղի ունեցող խաղաղ բողոքի ցույցերը տարբեր ահաբեկչական խմբավորումների կողմից վերածվել են անկարգությունների՝ միաժամանակ ընդգծելով «Իրանի կարողությունը՝ դիմակայելու ցանկացած սադրիչ ծրագրի»։
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը, նշելով երկու երկրների միջև հարաբերությունների կարևորությունը, ընդգծել է տարածաշրջանում լարվածության սրումը կանխելու և կայունությունը վերականգնելու անհրաժեշտությունը՝ հայտարարելով իր երկրի՝ այս ուղղությամբ համագործակցելու պատրաստակամության մասին։
Հեռախոսազրույցի ընթացքում արտաքին գործերի նախարարները նաև մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների, նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։

Русский