Իսրայելը և Հունաստանը ստորագրել են մոտավորապես 3 միլիարդ եվրոյի համաձայնագիր, որը նախատեսում է Իսրայելի կողմից Հունաստանի համար բազմաշերտ ՀՕՊ համակարգ կառուցելը։
«Աքիլեսյան վահան» անվամբ համաձայնագրով Հունաստանին կմատակարարվի մի քանի իսրայելական համակարգեր, այդ թվում՝ Rafael-ի կողմից արտադրված David's Sling և SPYDER համակարգերը, ինչպես նաև Israel Aerospace Industries ընկերության կողմից արտադրված BARAK MX համակարգերը։
Իսրայելի պաշտպանության նախարարությունը գործարքը անվանել է իսրայելա-հունական հարաբերությունների պատմության մեջ ամենամեծ պաշտպանական արտահանման համաձայնագիրը և Իսրայելի պատմության մեջ ամենամեծ նմանատիպ գործարքներից մեկը։
Համաձայնագիրը ստորագրվել է Իսրայելի պաշտպանության նախարարության Թել Ավիվի կենտրոնակայանում՝ գլխավոր տնօրեն Ամիր Բարամի և նրա հույն գործընկեր Իոանիս Բուրասի կողմից։
«Համաձայնագրի շրջանակներում Իսրայելը Հունաստանի համար կկառուցի համապարփակ, բազմաշերտ ՀՕՊ համակարգ, որը հիմնված կլինի ամբողջությամբ իսրայելական արտադրության համակարգերի և պատերազմի ընթացքում Իսրայելի պաշտպանության նախարարության կողմից կուտակված լայնածավալ գործառնական փորձի վրա», - ասվում է հայտարարության մեջ։
Կողմերը ստորագրել են լրացուցիչ 26 միլիոն եվրո արժողությամբ համաձայնագիր՝ Հունաստանին Rafael-ի կողմից արտադրված Drone Dome համակարգերի վաճառքի վերաբերյալ։
Իսրայելը նաև մտադիր է ընդլայնել համագործակցությունը Հունաստանի հետ պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ներառյալ գիտելիքների և տեխնոլոգիաների փոխանցումը հունական ընկերություններին։

Русский