Արտավազդ Սահակյանը մարդ լեգենդ է. սովորականի պես ասում ենք՝ չգիտակցելով, որ մենք իսկապես Հայաստանում միկրովիրաբուժության, փոխպատվաստման հիմնադրի ժամանակակիցն ենք։
Դեռ 1985 թվականին է երիտասարդ վիրաբույժը Միքայելյան ինստիտուտում իր համառության շնորհիվ առաջին անգամ իրականացրել փոխպատվաստում՝ չստանալով անգամ իր ուսուցիչների և պրոֆեսորների հավանությունը։
Եվ այդպես ամբողջ կյանքում կամ նա էր քայլում դեպի դժվարություններ, կամ դժվարություններն էին ընկնում նրա հետևից, որպեսզի Վարպետը միշտ հաղթանակած, պատվով դուրս գա։ Հետո եկան արցախյան ազատագրական պայքարի ժամանակները։
1990 թվականին, երբ Արտավազդ Սահակյանը մեկնել է Արցախ, 6 ժամով պատանդառվել է ադրբեջանցիներին աջակցող ու խրախուսող Լեռնային Ղարաբաղի զինվորական պարետ գեներալ Սաֆոնովի կողմից, հետո ազատ արձակվել։ Նա կարողացել է կազմակերպչական լուրջ խնդիրներ լուծել, վիրավոր ազատամարտիկների բուժօգնությունը, վիրահատություններն իրականացնել, պատերազմող Արցախին ահռելի աջակցություն ցույց տալ։
Ընկերները, մտերիմները չեն հաշտվում Արտավազդ Սահակյանի բացակայության հետ, նախ որովհետև մահն անժամանակ էր, անսպասելի, երկրորդ՝ նա դեռ մեծ ծրագրեր ուներ, դեռ պիտի գիրք գրեր ու տեսներ Արցախը՝ վերադարձված, արցախցուն՝ նորից իր հողում ապրելիս ու արարելիս։ Նա հավատում էր, որ այս արհավիրքը ժամանակավոր է։ Արցախը նորից է մերը լինելու։
Թեքեյան մշակութային միությունը կազմակերպել էր հուշ-երեկո՝ նվիրված Արտավազդ Սահակյանին։ Լրացավ նրա երկնային կյանքի 100-րդ օրը։
Թեքեյան մշակութային միությունը դեռ Արտավազդ Սահակյանի մահից 1 ամիս առաջ էր պայմանավորվել, որ մեծարման երեկո է կազմակերպելու, նրան է հանձնելու միության բարձրագույն պարգևը՝«Ադամանդակուռ Արարատ» շքանշանը։ Բժիշկը նույնիսկ հակառակվել է, թե ինքը մշակութային գործիչ չէ, արժանի չէ այդ շքանշանին, որն ստացել են Գարեգին Երկրորդը, Շառլ Ազնավուրը։ «Ադամանդակուռ Արարատը» առաջին անգամ հանձնվեց հետմահու։ Այն ստացավ Արտավազդ Սահակյանի որդին՝ բժիշկ Արամ Սահակյանը։

Русский